Ամանորի օրերին մարդիկ ֆեյսբուքում ամենևին էլ պասիվ չէին, այլ ընդհակառակը, յուրաքանչյուր պահի հասարակության իրազեկմանն էին նպաստում՝ բազմաբովանդակ գրառումներ կատարելով: Թվում է ֆեյսբուքը երբեք էլ չի լռելու:
Հայաստանում Facebook-ից օգտվում է 372 հազար 540 մարդ, այդ թիվը վերջին 6 ամիսների ընթացքում աճել է 67 հազար 920-ով: Այս մասին տեղեկացնում է socialbakers.com կայքը: Երկրի բնակչության թվաքանակով` Facebook-ի ներթափանցումը Հայաստան 12.55 տոկոս է, իսկ ինտերնետ ունեցողների համեմատությամբ` 27,38 տոկոս: Նմանատիպ երկրների համեմատությամբ` Հայաստանում Facebook-ի օգտագործումը 0.46%-ով ավելի է, քան Լիբիայում եւ 0.57% ցածր, քան Մարշալյան կղզիներում:
Այս թվաքանակից է կախված, թե` ոչ, պարզ չէ, բայց Նունե Ժուռնալիստը կարծում է, որ ֆեյսբուքն իր սև գործն արեց. «Այն ուղղակիորեն կլանում է բոլորի մտքերը, գործողությունները մի վայրում, այն դարձել է իսկական թատերաբեմ ու կռվի դաշտ, որը ոչ մի կերպ բաց չի թողնի իր զոհերին: Մարդիկ մտածում են` ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ ԷՍՏԵՂ իրենց վրա ուշադրություն դարձնեն, մինչդեռ իսկական կյանքն ու մարդիկ Ֆեյսբուքից դուրս են: Ժողովուրդ, եկեք իրական կյանքում ավելի շատ ժամանակ անցկացնենք էլի: Ահավոր ա……..»:
Տարոն Պարսամյանն էլ պատկերացրել է, թե ինչ կլիներ եթե ֆեյսբուքն ու սոցիալական ցանցերը վերանային, և ներկայացրել այդ ամենը՝ կետերով. «1. Գրասենյակային աշխատողները կսկեին իրենց գործով զբաղվել:
2.Կյանքից աբիժնիկ մարդիկ ստիպված ինքնաարտահայտման նոր հարթակներ կգտնեին:
3. Ֆեյքով տուն պահողները կմիանային կյանքից աբիժնիկներին
4. Լավ վերլուծություններ անող, բայց հլը նոր տեխնոլոգիաներին չադապտացված թերթերը էլի կհարստանային»:
Իզաբելլա Աբգարյանն էլ կարծելով, որ քննադատության ու ցեխակռվի մեջ ողողված սոցցանցերում բարոյական սկզբունքներ ունեցող մարդկանց համար շատ դժվար է՝ գրել է մի քանի կանոն, որոնց հետևելը ըստ նրա, թույլ կտա քննադատությունը կառուցողական և կիրթ հունով վարել: Դրանք են՝ քննադատել երևույթը, հատկությունը, տեղի ունեցածը, ոչ թե մարդ արարածին: Երբեք, որքան էլ չարացած լինես, մաղձդ մի թափիր քո ջղայնության օբյեկտի ընտանիքի, հարազատների վրա: Մի քննադատիր այն, ինչում քեզ էլ կարող են մեղադրել…
Տիգրանուհի Թասլակյան