Aravot.am-ը Կոնգրեսին հարող, ՀԱԿ համակիր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին հարցրեց՝ չե՞ք մտածում, որ Կոնգրեսը կսկսի այս խոսքերից հետո քարկոծել նաեւ Ձեզ, եւ Դուք էլ կհայտնվեք դավաճանների ցուցակում: Հիշեցնենք, որ նա հրավիրած ասուլիսում շատ հստակ ասաց , որ ուզում է Սերժ Սարգսյանը դառնա նախագահ եւ շնորհակալ է, որ հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ազատ Արշակյանն այսպես պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, մի 10 տարի հանգստանում էի, չէի քարկոծվում: Որպես իսկական հայ մազոխիստ մի տեսակ տհաճ էր, որ դուրս էի գալիս փողոց ու ինձ չէին ասում դավաճան: Մի տեսակ տհաճ էր, ադրենալինի պակաս էր: Հիմա ադրենալինի պակասը կլրացնեմ: Բայց չի կարելի հայտարարություն անել եւ հակառակորդների պատասխանը չակնկալել: Ես գիտեմ, որ ասելու են: Ես գիտեմ, որ կասեն, եւ ես դրան պատրաստ եմ: Ես էլ կասեմ: Այ, իրենք կասեն, այդ դեպքում թող լսեն, թե ե՛ս ինչ կասեմ: Ուր է մի կարգին բան ասեն՝ ինձ կպնող ու տեսեք, թե ես իրենց մասին ինչեր եմ ասելու: Ասողը կասի, էլի: Որ չեմ ասում՝ կարծում եք չե՞ն ասում՝ ուր ես, ինչի չկաս, մենք վաղուց պատրաստվել էինք, որ դու պետք է զոհվես, մենք արդեն տեքստն ենք գրել քո դամբանականի, իսկ դու դեռ ողջ ես: Գիտե՞ք ինչքան դագաղագործ կա, որ սպասում են»,- հեգնեց Ազատ Արշակյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ