«Ես սիրում էի անպատասխան սիրով մի տղայի, ով տարված էր ինձնից 3 տարով մեծ մի աղջկանով: Ես այդ ժամանակ 14 տարեկան էի և ատում էի նրան: Սակայն պիտի խոստովանեմ, որ միաժամանակ հետաքրքրություն կար, թե ինչով է նա ինձնից լավը,-պատմում է 19-ամյա Նոնան ու հավելում,-ես նախանձում էի նրան, մտածում, որ նա հասուն է, գեղեցիկ կազմվածքով, այդ պատճառով էլ Գոռը նրան է նախընտրում»: Նոնան պատմում է նաև, որ այդ ժամանակվանից սկսած սկսել է ավելի շատ հետևել իր արտաքին տեսքին, սակայն այսօր ծիծաղով է հիշում անցյալը:
«Սովորաբար դեռահասության շրջանում աղջիկները դառնում են ավելի ամոթխած ու մեծ կարևորություն են տալիս սեփական արտաքինի և վարքի թերություններին: Նրանցից շատերը սկսում են շպարվել՝ ձեռքբերելով դիմակ, որը հանում են լվացվելուց անմիջապես հետո,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանը և հավելում,-նրանց մոտ ձևավորվում է նոր ես-ը: Ոմանք ուզում են ավելի շուտ մեծանալ, ոմանք նմանակում են իրենցից ավելի մեծ աղջիկներին»: Հոգեբանը նաև նշում է, որ այս շրջանում շատ կարևոր են ծնող-զավակ բարյացակամ փոխհարաբերությունները, քանի որ հակառակ դեպքում կոնֆլիկտներն ազդում են դեռահասի հոգեբանության վրա և կարող են նրան մղել այնպիսի սխալներ գործել, որոնք կարող են ճակատագրական լինել:
Դեռահասներին բոնորշ է ինքնագնահատականի կտրուկ անկումը: Շատ աղջիկներ սկսում են ավելի ուշադիր գտնվել իրենց արտաքին տեսքի նկատմամբ՝ երբեմն որպես օրինակ հետևելով չափահասների հագուկապին և վարվելակերպին: Այնուամենայնիվ, շատերը հերքում են նման հանգամանքի առկայությունը: «Ես երբեք չեմ փորձում ինձ համեմատել ուրիշների հետ, չեմ ուզում նմանվել, ինքնահաստատվելու խնդիր չունեմ, գիտեմ, որ ժամանակը կգա և ես էլ շատերի պես դուրեկան կլինեմ»,-ասում է 15-ամյա Սյուզաննան: Իսկ 13-այա Ռուզաննան պնդում է, որ չափահաս աղջիկներն իրենց գոռոզ են պահում իրենց հետ շփվելիս: «Երբեմն զգում եմ, որ նրանք մեզ հետ խոսելիս իրենց բարձր են կարծում՝ չնայած դա շատ քչերին է վերաբերում: Բայց մենք ևս սիրուն ենք ու խելացի և ավելի սիրուն ու խելացի կլինենք, երբ հասնենք նրանց տարիքին ու ընդունվնք բուհեր»,-ասում է 13-ամյա Մարին:
Ինչպես նշում է Աննա Վարդանյանը` շատ աղջիկներ սկսում են օրագրեր պահել և ստեղծագործել, նրանք դառնում են ավելի զգայուն և վախենում են ծաղրի ենթարկվելուց: «Անկեղծ ասած՝ ինձանից մի քանի տարով մեծ աղջիկների շրջանում ինձ մոտ միշտ մտավախություն կա, որ հանկարծ չսխալվեմ: Սովորականից մի քիչ լուրջ ու խոհեմ եմ գտնվում: Ընկերուհիս 5 տարի մեծ է ինձանից, ես նրանից շատ բան եմ սովորում, գիտեմ ինչպես ինձ ճիշտ դրսևորել»,-ասում է 14-ամյա Կարինեն:
Հոգաբանը նշում է, որ դեռահասությանը բնորոշ է տագնապահարույց վիճակները, որ նրանք հաճախ վախենում են նույնիսկ տանից դուրս գալ և շփվել մարդկանց հետ. «Նրանք կարող են դեպրեսիայի մեջ ընկնել, երբ ինչ-որ մի բան իրենց ուզածով չի լինում, դրանում հաճախ մեղադրում են իրենց ու իրենց տարիքը: Շատ կարևոր է, որ նրանց շրջապատի մարդիկ հասկանան նրանց»,-ասում է նա:
Նազենի Բաղդասարյան