«Առաջիկա նախագահական ընտրություններից հետո հնարավոր է հզոր ընդդիմության ձեւավորում, սակայն դա միանգամից տեղի չի ունենա: Աստիճանաբար կսկսվի հասարակական ակտիվության եւ ներքաղաքական խմորումների գործընթացը»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Նա նշեց, որ հասարակության շրջանում կուտակված քաղաքական խնդիրները, տեսակետերը եւ բախումները իրենց վերջնակետը պետք է գտնեն ընտրություններում. «Եթե լուծում չտրվի, խնդիրները նորից կվերադառնան հասարակությանը` հիմք հանդիսանալով նոր ընդդիմության ձեւավորման համար: Դա բավական երկար գործընթաց է եւ կարող է տեւել, ասենք, 2-3 տարի, այսինքն` մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախընտրական տարին»:
Քաղաքագետի խոսքով. «Պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որն առկա է ՀՀ հասարակության շրջանում: Պարզվում է` մենք ոչ ուկրաինացի ենք, ոչ վրացի եւ ոչ էլ ղրղզ` հանուն նոր քաղաքական ապագայի անձնազոհություն ցուցաբերելու համար: Հայն իր կեցությունը ենթադրում է հետեւյալ կերպ. երբ տարիների ընթացքում ակնկալիքները չեն արդարանում, նա վերցնում է գաղթականի «գավազանը» եւ հեռանում երկրից: Երբ խոսում ենք արտագաղթի մասին, որը ազգային վաղ սովորույթ է, կարող ենք փաստել, որ մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտում են երկրից հեռանալով: Փաստորեն, ներքաղաքական ընդդիմության պոռթկման երեւույթը վերածվում է արտագաղթի: Հասարակությունը, այսպես ասած, այդ քայլով մարում է իր մեջ կուտակված էներգիան: Հետեւաբար, հնարավոր է, որ գալիք տարիներին խնդիրը շարունակվի: Այս առումով յուրաքանչյուր նոր ընդդիմություն թափ հավաքելու համար պետք է կարողանա իր ետեւից զգայի մասսա տանել: Իսկ այսօր ընդդիմադիր ծրագրով մասսա տանելը լուրջ խնդիր է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ