Ամանորյա հանգստից հետո «Առավոտ երիտասարդականը» շարունակում է Ձեզ ներկայացնել շոուբիզնեսի ներկայացուցիչների մասին նորություններից ամենաքննարկվածը վերջին շրջանում:
Հաճելիորն զարմանք ու շատերին նաև ուրախություն պատճառեց Խուլիո Իգլեսիասի՝ Երևանում համերգ ունենալու մասին լուրը: Համերգը կկայանա մարտի 18-ին, այս մասին Panorama.am-ին է տեղեկացրել համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան «Global art» և հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները: «Նա որոշել է Հայաստանում ելույթ ունենալ, քանի որ շատ հայ ընկերներ ունի, որոնք նրան ասել են, որ հայերը իրեն շատ են սիրում: Նրա մենեջերը մեզ հետ կապվեց, մենք էլ ասացինք նույնը»,- ասել է Ա. Ծատուրյանը:
Խուլիո Իգլեսիասի սպասվելիք համերգիից հետո՝ ապրիլին, Հայաստանում համերգ կունենա նաև աշխարհահռչակ երաժիշտ Յաննին: Սա ևս մեծ արձագանք է ունեցել հայերի շրջանում: Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այս մասին հայտնել է yerkir.am-ը, սակայն համերգի օրը դեռ պարզ չէ: Հնչելու են ինչպես նոր, այնպես էլ հայտնի ու սիրված ստեղծագործություններ: Հիշեցնենք, որ երաժիշտը 2011-ին նույնպես մենահամերգով հանդես եկավ Հայաստանում:
Սպասվելիք համերգների մասին ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում, հիմա «ներխուժենք» հայտնիների ընտանիք ու ներկայացնենք, թե ում ըտանիքն է համալրվել նոր անդամով:
2013 թվականի ամենամեծ նվերը Գոհար Հարությունյանի համար՝ որդու ծնունդն էր: Գեղեցկուհու երրորդ երեխան, որին Մենուա են անվանել, լույս աշխարհ է եկել հունվարի 11-ի առավոտյան, այս մասին գրել է Bravo.am-ը, փոքրիկը ծնվել է 3,5 կգ քաշով ու 53 սմ հասակով. «Շատ ուրախ եմ ու ինձ լավ եմ զգում, ծննդաբերությունս բարեհաջող անցավ, կարծես, ամուսնուս է նման. սպիտակամաշկ ու կապտավուն աչքերով է, բայց նորածին է, դեռ կփոխվի», – ասել է Գոհարը:
Եթե Գոհար Հարությունյանի համար որդու ծնունդը 2013-յան ամենամեծ նվերն էր, ապա երգիչ Նորոն այդ բերկրանքն ապրել է դեռ 2012-ին, ինչի համար էլ երգիչը 2012-ը համարել է շատ լավ տարի իր համար:
2012-ը «բալիկաբերության» առումով լավ տարի էր նաև Արսեն Գրիգորյանի համար: Երգչի երկրորդ երեխան՝ Վահեն, ծնվել է դեկտեմբերի 5-ին, հունվարի 5-ին էլ երգչի ընտանիքը նշել է փոքրիկի մեկ ամսականը, և ներկայացրել նրա առաջին լուսանկարները Bravo.am-ին:
Տիգրանուհի Թասլակյան