Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ռեսուրսների առումով առավելությունը Սերժ Սարգսյանինն է»

Հունվար 12,2013 14:53

«Բացի 1991թ-ի  եւ առաջիկա ընտրություններից, նախորդ ընտրությունները եղել են խիստ բեւեռացված`  ընթանալով միմյանց հակադիր, խիստ ընդդիմադիր եւ քաղաքական դաշտը սեւ եւ սպիտակի բաժանող բեւեռներով: Օրինակ, 1998թ-ին անհաշտ պայքար ընթացավ Ռոբերտ Քոչարյանի եւ Կարեն Դեմիրճյանի, իսկ 2008թ-ին` Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի  միջեւ»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը, ապա հավելեց,- «1991թ-ին չկար նման  քաղաքական բեւեռացում, քանի որ նոր էր տապալվել Խորհրդային վարչակարգը, իսկ քաղաքական դաշտ մտած ՀՀՇ-ն լուրջ ընտրապայքար չտարավ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը կանխորոշված էր: Նույնը կարող եմ կանխատեսել նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում, որովհետեւ առավել հզոր թեկնածուն մեծ շանսեր ունի հաղթելու: Ընդդիմադիրները լուրջ վտանգ չեն ներկայացնի»:

Քաղաքագետն արձանագրեց, որ նախորդ տարին աչքի չի ընկել թեկնածուների ծրագրերի, հայեցակարգերի մատուցմամբ, ինչը հասարակությանը հնարավորություն կտար կողմնորոշվել ընտրության հարցում. «2012թ անցավ քաղաքական բամբասանքների մակարդակով: Բամբասանքները հետեւյալն էին` «Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքական պայքարի ասպարեզ, թե ոչ», «Գագիկ Ծառուկյանը դնում է թեկնածությունը, թե ոչ», եւ «Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի ընտրություններին, թե ոչ»: Ժողովրդի ուշադրությունը բեւեռված էր դրանց վրա, ինչն անցանկալի երեւույթ է»:

Քեռյանի դիտարկմամբ. «Նախընտրական պայքարի մեջ մտած թեկնածուներն ունեն անհավասար հնարավորություններ. «Քաղաքական փորձի եւ ռեսուրսների առումով առավելությունը Սերժ Սարգսյանինն է: Ռեսուրս ասելով ի նկատի ունեմ ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլեւ հստակ եւ կազմակերպված կուսակցական կառավարումը, մասնավորապես` հանրապետության բոլոր շրջաններում նախընտրական շտաբերի, քարոզչական աշխատանքի կազմակերպումը:  Այդ առումով Սերժ Սարգսյանից բացի միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը կարող են որոշակի ընտրական գործընթաց կազմակերպել»: Քեռյանը նաեւ ասաց, որ ընտրազանգվածի կողմից ակտիվություն չի սպասում. «Մարդիկ այն մտայնությունն ունեն, որ ընտրություններն ավարտվել են դեռ չսկսված, եւ դրանց ելքը պարզ է»:

Իսկ հոգեբան Աննա Բադալյանի խոսքով. «Որքան էլ ասենք, թե ընտրազանգվածն ակտիվ չէ, պետք եկած պահին հասարակությունը, էթնիկ բնավորության համաձայն,   կարող է համախմբվել եւ կողմնորոշվել, թե որ թեկնածուն է իր պահանջներին համապատասխան»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031