Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կհանի՞ իր թեկնածությունը

Հունվար 12,2013 14:18

Այսօր «Տեսակետ» ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը խոսեց քաղաքական իրավիճակի, նախագահական ընտրությունների եւ իր ծրագրերի մասին:

Թեկնածուն անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին,  հարցրեց, արդյոք  վերջինը իր գերժամանակակից տեխնոլոգիաները երբեւէ օգտագործե՞լ է ճշտելու համար թե ժողովրդի, որ մասն է ձայնը տալու իրեն:

«Իշխանությունը հաստատ հիսուն տոկոսի շեմը չի հաղթահարի, եթե նրան միայնակ թողնեն, որովհետեւ, նայեք թե ովքեր են այժմ Սերժ Սարգսյանի շուրջը: Իշխանությունները սարսափած են: Բայց մի բան է պարզվել, ստացվում է, որ Հայաստանում հեղափոխություն անելու համար ութ մլն դրամը  բավական է»:

Հարությունյանը խոստացավ, որ նախագահ դառնալուն պես անդրադառնալու է արտաքին քաղաքականությանը. «Եթե նայեք, թե ինչ ենք ստացել վարվող արտաքին քաղաքականության արդյունքում, ապա կտեսնեք, որ կան միայն  Էդվարդ Նալբանդյանի քաշքշած թշերն ու սառեցված հարաբերություններ: Ըստ էությանˋ չունենք արտաքին քաղաքականություն, չկա այդ թիմը քաղաքական: Իսկ ես կարեւորելու եմ արտաքին քաղաքականության ոլորտը, որովհետեւ դա ներքինից  կարեւոր է»:

Նախագահի թեկնածուն հայտնեց, որ նախագահ դառնալու դեպքում վարչապետ կդարձնի հայրենասեր մարդու. «Հայ ժողովուրդը շատ հայրենասերներ ունի, իսկ ինձ այսօրվա վարչապետի նման մարդ պետք չի: Ի դեպ, իշխանության մեջ էլ շատ նորմալ մարդիկ կան: Այսօր քաղաքական դաշտն այնպիսին է, որ մշակույթի նախարար դառնալու համար պարտադիր դարձնում են կուսակցական: Իսկ վարչապետ դառնալու համար, իմ համոզմամբ, պարտադիր չէ լինել կուսակցական: Քաղաքական կամք ունեցող մարդիկ այսօր Հայաստանում շատ քիչ են: Օրինակ Սերժ Սարգսյանի ծրագիրը վատը չէ, բայց նա քաղաքական կամք չունի»:

Հարությունյանն անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հայտարարությանը, ասաց. «Ես հարգում եմ նրան, բայց այդ հայտարարության մեջ հնչում են մարդկանց անուններ, որոնք նա նշում է, թե իբր պետք է առաջնորդեն, համաձայն չեմ: Նախագահի թեկնածությունը հանելու ամենահարմար պահը, դա ընտրություններից տասը օր առաջ այդ  քայլին գնալն է, ինչը եւ ես չեմ  բացառում: Այսօր իշխանությունները շատ ուրախ կլինեն, եթե ես հենց հիմա հրաժարվեմ»:

Իր ծրագրերի մասին խոսելիս Հարությունյանը նշեց, որ իրենը մյուս թեկնածուների ծրագրերից տարբերվում է նրանով, որ անդրադարձ կա  ընտրական համակարգին, հաջորդ կետը, քաղաքական եւ տնեսական իշխանության տարանջատումն է. «Եթե Քոչարյանի ժամանակ խաղի կանոն կար՝ հիմա այդպես է. ցանկացածին կանչում, ասում են՝ տղա ջան սկսածդ գործի կեսը մերն է: Ծրագրի հաջորդ կետն օրենքն է ընդդիմության մասին»:

Հարությունյանը նշեց, որ համաձայն է էպոսագետի հետ, որն ասում է, թե երեք նախագահների ներուժը պետք է օգտագործել, բայց այսօր, ըստ նրա, երեք նախագահներն իրար չեն էլ բարեւում. «Ժամանակին ես քննադատել եմ Լեւոն Տեր –Պետրոսյանին, բայց գաղափարական իմաստով: Ես իրավունք ունեմ քննադատել, որովհետեւ ոչ մի նախագահի ժամանակ պաշտոն չեմ ստացել ու չեմ հարստացել»:

Հարությունյանը անդրադարձավ նաեւ «Հարսնաքարի» դեպքին. «Ցավում եմ, որ մեր Պաշտպանության նախարարը այդ  դեպքից հետո նստել  էր Ռուբեն Հայրապետյանի կողքին ու հրճվում էր: Եթե  այսօր մատուցողն ու թիկնապահը տեսնեն, թե իշխանության ներկայացուցիչն ու նախարարը ոնց են պարբերաբար իրար հետ ճաշում, ապա նրանց համար, բնականաբար ծովը ծնկներից է դառնում»:

Որպես հավելում Արամ Հարությունյանը հայտնեց. «Իմացեք, ես սրտի պրոբլեմ չունեմ, ինչպես Սուրեն Սիրունյանն ու Անդրանիկ Մարգարյանը… Խնդրում եմ սա ֆիքսել, ես գնացել եմ «Նաիրի»  բժշկական կենտրոն եւ ստուգվել: Ես գնալու եմ մինչեւ վերջ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031