Սվետլանա Նավասարդյանը Սուրբ ծննդյան տոնին Փարիզում էր, Ամանորին՝ Երեւանում
Անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի՝ անցած տարվա մենահամերգների վերջին ակորդը կայացավ փարիզյան Cortot հանրահայտ սրահում, որի կազմակերպիչն էր շուրջ 100 տարի բազմաթիվ մշակութային ձեռնարկներ իրականացրած ֆրանսիական «Phares» ֆոնդը:
«Առավոտի» հետ զրույցում դաշնակահարուհին հիշելով 2012թ. իր ունեցած մենահամերգները Լատինական Ամերիկայի երկրներում, Իտալիայում, Շվեդիայում, Գերմանիայում եւ այլուր, նախ նշեց Հայաստանում՝ «Գաֆեսճեան» կենտրոնում, իտալացի դիրիժոր Ալդո Սեսիլիոյի ղեկավարությամբ, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, «Վերադարձի» փառատոնի շրջանակներում իր ուսուցիչ Վահե Ումր-Շատի 90-ամյակին նվիրված համերգները, այնուամենայնիվ առանձնացրեց վերջին փարիզյան համերգը: «Փարիզյան համերգը «Phares» մշակութային ֆոնդի հրավերով էր, որի նախագահն է մադամ Մարտին Բոսկը: Սա մեր առաջին համագործակցությունն էր, որը, հուսով եմ, կլինի շարունակական: Ծրագրում ընդգրկել էի Հայդնի, Բրամսի, Շոպենի, Կոմիտասի եւ Մանսուրյանի ստեղծագործություններից»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Հարցին, թե Տիգրան Մանսուրյանի արվեստն այսօր թեեւ հայտնի է աշխարհին, այդուհանդերձ, ֆրանսիացի երաժշտասերը ինչպե՞ս ընդունեց ծրագրում ընդգրկված մանսուրյանական երաժշտությունը, արվեստագետը տեղեկացնելով, որ այդ երկը վերնագրված է «Թավ տոների երեք կես»՝ գրված 1977թ., Փարիզում հնչեցրել է առաջին անգամ, ասաց. «Մանսուրյանը կարծես անընդհատ ստեղծագործելու նոր թափ է առնում, նա իսկապես անհատ է ու կոմպոզիտորի աշխարհընկալումն էլ՝ հիրավի տիեզերական: Հպարտություն ապրեցի՝ տեսնելով համաշխարհային երաժշտական դասական արվեստի մեծերի ստեղծագործությունների կողքին հայրենակցիս երկի ջերմ ընդունելությունը: Երեկոյի ավարտին շեշտվում էր ծրագրի ներդաշնակ լինելը»:
Դիտարկմանը, թե Ամանորը դիմավորել է Փարիզում եւ գուցե տեղին է շրջանառվող այն խոսքուզրույցը, որ Սվետլանա Նավասարդյանի համար Փարիզը այլ «մոլորակ» է, դաշնակահարուհին պատասխանեց. «Ամանորը դիմավորել եմ Երեւանում, իսկ Սուրբ ծննդյան տոնը՝ Փարիզի Մոնմարտրի Sacre Coeur եկեղեցում: Իսկապես, Փարիզն ինձ հոգեհարազատ է, տարվա զգալի մասն այնտեղ եմ: Տարբեր քաղաքների կոնսերվատորիաներում անցկացնում եմ վարպետության դասեր: Նշանավոր Ecole Normale de Musigue հաստատությունում էլ շուրջ 5 տարի մասնակցում եմ ավարտական քննություններին՝ իբրեւ ժյուրիի անդամ: Ի դեպ, այնտեղ ընդունված է ժյուրի անվանել հանձնաժողովին, քանի որ անդամները հրավիրյալ երաժիշտներ են: Ի վերջո, միջավայրը մեծ նշանակություն ունի: Կուզենայի, որ Երեւանն էլ ունենար Փարիզի նման «սնող» միջավայր: Ի վերջո, այդ քաղաքը դարեր շարունակ իրեն է ձգել մեծանուն արվեստագետներին՝ Շոպենից մինչեւ Պիկասո…»:
Կարդացեք նաև
Աշխարհում բուռն բեմական գործունեություն ծավալած արվեստագետից հետաքրքրվեցինք, թե այս տարվա առաջին մենահամերգի մեկնարկը ո՞ր պետությունում է լինելու: Սվետլանա Նավասարդյանն ասաց, որ այն կկայանա փետրվարին՝ Շվեդիայում: Եվ քանի որ հայ հեղինակներից շատերը իրենց ստեղծագործությունները նվիրել են դաշնակահարուհուն ու առաջին կատարումը վստահել նրան, հարցրինք՝ այս տարի ո՞ր կոմպոզիտորների երկերի պրեմիերաներով է հանդես գալու, Սվետլանա Նավասարդյանը պատասխանեց. «Այս պահին ձեռքիս տակ է ուրույն ձեռագիր ունեցող, արտերկրում ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Voices of the Invisible Blue Butterflies» գործը, ինչն անսահման պոետիկ է հնչյունների աշխարհում»:
Տեղեկացված լինելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունենալու Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որին ներկա կլինի նաեւ դաշնակահարուհին, հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ հարց կուղղի նախագահին: «Նախագահին կողջունեմ, իսկ հարց հավանաբար չեմ ուղղի, քանի որ գիտեմ նրա վերաբերմունքը դասական արվեստին, ինչն արտահայտված է հատկապես կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հիմնադրած եւ ավանդաբար անցկացվող դասական երաժշտության Երեւանյան միջազգային փառատոնով»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ