Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը սեփական քաղաքացիներին գայթակղում է կաշառակերության եւ արատավորում ազգը

Հունվար 12,2013 13:33

Հիմա դիտարկենք առանցքային Քրեական օրենսգրքի 150 նորմը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու համար: Բոլորիս հայտնի է, որ հատկապես համապետական ընտրություններն անցկացնելիս ռեժիմը ընտրողներին զանգվածային կաշառելուց բացի, գործի է դնում նաեւ ընտրակեղծիքների բազմաբնույթ մեխանիզմ: Ըստ այդմ, ընտրություններին մասնակցողների թվի մասին ակնհայտ անհամապատասխան ուռճացված տեղեկություններ է հրապարակում, ընտրողների ցուցակում ներգրավում են ակտիվ ընտրելու իրավունք չունեցող, մոգոնված եւ մահացած անձանց, արտերկրում մշտապես բնակվողների, ընտրության ընթացքում հաշվառված քվեաթերթիկների թվում խցկում են չհաշվառված քվեաթերթիկներ, նշում կատարված եւ ընտրողի կամքը արտահայտած քվեաթերթիկները փչացնում, փոփոխում կամ անօրինական ոչնչացնում են, ընտրելու ցուցակներում կեղծում են ընտրողների ստորագրությունները, ռեժիմի հեղինակած կարուսել են պտտեցնում, լցոնումներ կատարում եւ այլն: Դիտարկվող նորմի պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ ռեժիմի հիշյալ մոդեռնացված կեղծումների արարքները հոդվածի դիսպոզիցիայում ամրագրված չեն, այսինքն՝ պատժելի չեն համարվում եւ ռեժիմը ավելի քան 15 տարի է՝ գործի դնելով այդ մեխանիզմը կեղծում է ընտրությունների քվեարկության արդյունքները եւ զավթում իշխանությունը կամ հանրապետության նախագահի պաշտոնը: ՌԴ քրեական օրենսգրքում քվեարկության արդյունքները կեղծելու  արարքները սպառիչ ու հստակ մեկնաբանմամբ ամրագրված են (142 1 պրիմ հոդված): Մեր օրենսդիրը այդ նորմի հիմքով կառուցել է Քրեական օրենսգրքի 150 հոդվածը, սակայն կեղծիքների ամբողջ խումբը բաց է թողել եւ գցել այլի տակ:

Հիմա անդրադառնանք այս խնդիրների հետ ասոցացված ընտրելու իրավունքի օրենսդրությունում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը ձախողելուն: Իմ պատկերացմամբ՝ խորհրդարանում միահեծան ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը բնավ անակնկալ չէր, քանզի այդ հարցով կոնսոլիդացիայի գնալը նշանակում էր նախագահական ընտրություններում հանձնվել, որքան էլ ՀՀԿ-ն իր թեկնածուին անհաղթ հռչակի: Հանգամանքը հիմնավորենք օրինակներով.

եթե ընտրություններին մասնակցողների վերաբերյալ ակնհայտ անհամապատասխան, ուռճացված տեղեկությունները հրապարակելը արարքը քրեականացվի, ապա ռեժիմը կզրկվի 500 հազարից 700 հազար պահուստային քվեներից (արտերկրում բնակվող անձինք), եթե հաշվառված քվեաթերթիկների թվում չհաշվառված քվեաթերթիկներ խցկելը, իրական քվեաթերթիկները փչացնելը, փոփոխելը, անօրինական ոչնչացնելը, կարուսել պտտեցնելը, թանաքը ցնդելը արարքները քրեականացվի, ապա ընդդիմադիր կուսակցության կամ թեկնածուի օգտին քվեները զգալիորեն կավելանան եւ տակը բան չի մնա, եթե ընտրողների ցուցակում ընտրություններին չմասնակցած անձանց ստորագրությունները կեղծելը արարքը քրեականացվի, ապա ընտրողների ստորագրած ցուցակները մատչելի կդառնան եւ ուժը կկորցնի Ընտրական օրենսգրքի թիվ 11 հոդվածի արհեստական արգելքները:

Սրանք օրինագիծը ձախողելու հիմնական առիթներից են եւ նկատվում է, որ օրենսդիր մարմին կոչվածը դեմ է երկրում կարգուկանոնի հաստատմանն ու սահմանադրական կարգը վերականգնելուն: Նման պարագայում, ինչը ներհատուկ է բռնապետությանը, ազատ ու արդար ընտրությունների անցկացումը բացառվում է, հետեւաբար առաջիկա նախագահական ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերը եւ գործիչները իրավացի են՝ լինելու է հերթական արարողությունը: Նկատենք, որ հիմնարար նախագահը այդ թագադրումը շրջանցեց յուրովի՝ տարիքի առումով, մինչ այդ վերլուծելով ընտրություններում ժողովրդի գործոնի կարեւորությունը, այդ խնդրում սխալ, թյուրըմբռնումները, ինչպես նաեւ քաղաքականության մեջ դիվանագիտությունը գործի դնելու եւ այլ ֆունդամենտալ հարցեր (խորհուրդ է տրվում մեկ անգամ եւս ծանոթանալ ՀՀԿ համագումարում գործող նախագահի եւ ՀՀՇ համագումարում հիմնարար նախագահի ելույթները եւ կտեսնեք բարձր ինտելեկտի, տրամաբանական մտահանգումների եւ քաղաքական դիպվածները ճշգրիտ ընկալելու ահռելի տարբերությունը: Ափսոս, որ մերօրյա ժամանակում տգիտությունը կամ չարիքը հաղթում է գաղափարին եւ բարուն):

Իմ կարծիքով, քանի դեռ Քրեական օրենսգրքի թիվ 154 2 պրիմ նորմը հակասահմանադրական չի ճանաչվել եւ առանց քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքի ընտրողին ենթարկում են քրեական տեռորի (պետությունը սեփական քաղաքացիներին գայթակղում, հակում է կաշառակերության, նրանց դարձնում քրեական իրավախախտ եւ միջազգային հանրության աչքի առաջ արատավորում ազգը):

Ընտրողին կաշառելը (առնելը) արարքը Քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմով հանցագործություն չի ճանաչվել եւ բացակայում է հանրության համար վտանգավոր եւ համատարած բնույթ ունեցող այդ հանցագործության դեմ պայքարը:

Քրեական օրենսգրքի թիվ 150 նորմի դիսպոզիցիայում սպառիչ եւ հստակ մեկնաբանումով ամրագրված չեն քվեարկության արդյունքները կեղծելու ռեժիմի մոդեռնացված արարքները, իսկ ուժային կառույցները չեն խափանում դրանք եւ օժանդակում են ռեժիմին:

Ընտրական օրենսդրությամբ ընտրողների ստորագրած ցուցակները մատչելի չեն, ինչի արդյունքում ռեժիմը պարտակում է ընտրացուցակները խցկած եւ ընտրություններին չմասնակցած  բազմահազար անձանց տորագրությունները կեղծելու եւ այլ հանցագործությունները, ապա իմաստ չունի մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, նորից կեղծելու են:

Միանում եմ ընտրությունները մերժելուն:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031