Երեկ «Առավոտ»-ը գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ՝ ի՞նչ հարաբերակցությամբ կբաշխվեն ձայները նախագահի թեկնածուների միջեւ, ո՞վ կգլխավորի առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները: «Առաջին տեղում միանշանակ կլինի Սերժ Սարգսյանը, 2-րդում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղի համար էլ՝ նայած թե պայքարը ինչպես կընթանա, ինձ թվում է՝ Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը կլինեն: Իսկ էպոսագետը եթե հավատում է, որ ինքը 81 տոկոս ձայն կհավաքի, եթե ինքը հավատում է իր ասածին, թող հավատա: Ինչպես ասում են՝ հավատը վերջում է մեռնում, դե, մարդ է, էլի, եթե էդպիսի կարծիք ունի իր մասին, ապա ես նրան կառաջարկեմ ընդհանրապես քարոզարշավով չզբաղվել»,- խորհուրդ տվեց Գագիկ Համբարյանը: Իսկ եթե թեման տեղայնացնենք, խոսենք Շիրակի մարզի օրինակով՝ ո՞ւմ կնախընտրեն շիրակցիները՝ հանրապետական թեկնածուի՞ն, որի կառավարման տարիներին Շիրակը պաշտոնապես ճանաչվեց հանրապետության ամենաընչազուրկ մարզը, բնակիչներն էլ իրենց վերաբերմունքը արտահայտեցին՝ ԱԺ ընտրություններում իրենց քվեն տալով ԲՀԿ-ին, թե՞ կնախընտրեն «Ժառանգությանը», որը նույն ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շատ քանակությամբ ձայներ հավաքեց Գյումրիում:
Հիշեցնենք, որ Գյումրիում մեկ տարի շարունակ անընդմեջ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը 35 աստիճան սառնամանիքին բողոքող տաքսու, ինչպես նաեւ վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդների կողքին էին, եւ այս փաստը համապատասխան գնահատականի արժանացավ գյումրեցիների կողմից, ովքեր ԱԺ մայիսվեցյան ընտրություններում իրենց վստահության քվեն տվեցին այս կուսակցությանը:
«Ժառանգությանը» մեծ մասամբ վստահում են քաղաքներում, եթե ուշադիր եք՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, եւ «Ժառանգության» ընտրողները մեծ մասամբ մտավորականությունն է: Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ապա նշեմ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը թեեւ առաջին տեղում էր, բայց ես գտնում եմ, որ այդ կուսակցությունը պարտվեց: Եվ եթե չլինեին զորամասերում ծառայող զինվորականները, ապա Հանրապետական կուսակցությունը պարտադիր պարտություն կկրեր: Առավել եւս գիտեք, որ Գյումրի քաղաքում հանրապետականները խայտառակ պարտվեցին ԲՀԿ-ին: Էստեղ կարեւոր է ԲՀԿ-ի դիրքորոշումը, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը, 7-8 տարվա ընթացքում ղեկավարվելով Գյումրու նախկին քաղաքապետի կողմից, հասավ նրան, որ էսօրվա դրությամբ չունի այն ակտիվ, գրագետ մասսան, որը ինքը ունի Երեւանում կամ Վանաձորում, այսինքն՝ մեր քաղաքում եւ Շիրակի մարզում հանրապետականների նախկին ղեկավարը ամեն ինչ անում էր, որպեսզի ոչ մեկը իրենից լավը չլինի: Էսօրվա դրությամբ Սահակ Մինասյանը, ով ղեկավարում է ՀՀԿ կառույցը մարզում, փորձում է վերականգնել այդ ամենը, որպեսզի կուսակցությունը ոչ թե ունենա մեկ ղեկավար, որին պաշտում եւ կուռք են սարքում, այլ ունենա գրագետ եւ բանիմաց կուսակիցներ, որոնք իրենց հետեւից կտանեն ժողովրդին»,- ասաց քաղաքագետը:
Գագիկ Համբարյանի մեկնաբանմամբ՝ թեկնածուների հաղթանակի հարցում կարեւոր է տեղի ԲՀԿ-ականների դիրքորոշումը, որովհետեւ այդ կուսակցությունը, ըստ մեր զրուցակցի, շատ հզոր է Շիրակի մարզում. ԲՀԿ-ականները ԱԺ ընտրությունների ժամանակ կարողացան հաղթել երկու նախընտրելի հանրապետական թեկնածուների: Իսկ ԲՀԿ-ականները թեեւ չունեն սեփական թեկնածու ու հայտարարել են, որ չեն պաշտպանում ոչ մեկին, այդուհանդերձ, ըստ Գագիկ Համբարյանի, սա Շիրակի մարզի ԲՀԿ-ականների պարագայում չգործող պայման է, քանի որ այն ունի խայտաբղետ կազմ, եւ շիրակցի ԲՀԿ-ականները, բացի իրենց կուսակցական շահերից, ունեն նաեւ անձնական շահեր: «Շիրակում ԲՀԿ-ականները բաժանված են երկու մասի, մի մասը չի էլ թաքցրել, որ մեծ հաջողությամբ կհամագործակցի գործող իշխանության, կոնկրետ՝ նախագահի եւ նրա ղեկավարած կուսակցության հետ, իսկ մյուս մասը գտնում է, որ իրենք ավելի շատ անկախ քաղաքականություն պետք է վարեն եւ պայքարեն գործող իշխանությունների դեմ, որպեսզի հաջողության հասնեն եւ պարտադրեն վերջինիս ավելի ուշադիր լինել Շիրակի մարզի խնդիրների նկատմամբ: Իսկ Շիրակի մարզում ավելի շատ են այն անձինք, որոնք կհամագործակցեն գործող իշխանությունների հետ»,- ասում է մեր զրուցակիցը՝ որպես Սերժ Սարգսյանին պաշտպանող ԲՀԿ-ական հատկապես մատնանշելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ