Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը խոստանում է սոցիալական արդարություն եւ սերունդների համերաշխություն

Հունվար 12,2013 13:25

Նախագահի թեկնածու, տնտեսագետ եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երկրի ղեկավար ընտրվելու դեպքում սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումների շարք է սկսելու: Պարոն Բագրատյանն իր նախընտրական ծրագրում կետ առ կետ ներկայացնում է, թե ինչ պետք է անի, եւ նշում է, որ բարեփոխումը որքան ժամկետում կիրականացնի:

Նախագահի թեկնածուն փորձելու է երկրում սոցիալական արդարություն եւ սերունդների միջեւ համերաշխություն սերմանել: Այսինքն՝ պարոն Բագրատյանը համաշխարհային փորձի օրինակով՝ փորձելու է նվազագույն աշխատավարձի չափը հասցնել միջին աշխատավարձի 38-48%-ի, միջին կենսաթոշակն էլ՝ միջին աշխատավարձի 37-40%-ի: Սա, ըստ թեկնածուի, թույլ կտա, որպեսզի թոշակառուները կամ ցածր վարձատրվողները երբեք չունենան կենսամակարդակի հարաբերական վատթարացում:

Սոցիալական արդարության հասնելու թեկնածուի մյուս առաջարկը ոչ թե, ինչպես ներկայումս է արվում, ուղղակի աշխատատեղեր բացելն է, այլ թույլ տալ, որ ցանկացած քաղաքացի իր նախասիրած աշխատատեղը բացի, որը ինքնազբաղվածության աճ կապահովի: Իսկ դրա համար պարոն Բագրատյանն առաջարկում է. «Պետությունը կվճարի ցանկացած նոր, առաջին անգամ բացվող փոքր ձեռնարկություն նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները»։ Պարոն Բագրատյանը ոչ թեկնածու եղած ժամանակ էլ մշտապես հայտարարել է, որ մեր երկրում պետական տարբեր կառույցներում աշխատավարձերը անարդար են սահմանված, օրինակ՝ Կենտրոնական բանկի կամ այլ ֆինանսական սեկտորի աշխատակիցները մի քանի անգամ ավելի աշխատավարձ են ստանում՝ ի տարբերություն այլ ոլորտների: Եվ, իհարկե, թեկնածու Բագրատյանը այս խնդրի լուծումն էլ պետք է առաջարկեր իր ծրագրով. «Աշխատավարձը ֆինանսական ծառայությունների ոլորտում 3 անգամ բարձր է, քան տնտեսության մյուս ճյուղերում, եւ այս ոլորտի մասնագետներ պատրաստելը շատ ավելի էժան է։ Պետությունը պետական ոլորտի ֆինանսական մասնագետներին վճարում է 6 անգամ ավելի, քան մյուս ոլորտների մասնագետներին։ Սա ապահավասարակշռում է աշխատանքային շուկան, հանգեցնում կրթական ռեսուրսների փոշիացման, նպաստում արտագաղթին։ Այս խնդիրը կլուծվի 8-10 տարվա ընթացքում, իսկ հիմնական փոփոխությունները կլինեն առաջին 3 տարիներին»:

Ներկայումս կիսատ մնացած բազմաթիվ կիսակառույց շենքեր կան, որոնք կիսատ են մնացել գումար չլինելու պատճառով, կամ էլ կառուցապատողները նախապես բնակիչներից գումարները վերցրել եւ անհետացել են: Որպեսզի այլեւս նման իրավիճակներ չլինեն, Բագրատյանը շինարարության ոլորտում էլ առաջարկում է կապիտալի սառեցման կանխում. «Պետք է խստացնել անավարտ շինարարության հարկումը, կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ։ Շինարարության հարկման նոր մեխանիզմները թույլ կտան հարկային բեռը հավասարաչափ բաշխել, խոշոր ձեռներեցներին ամբողջությամբ հարկային դաշտ բերել»։

Նախագահի տնտեսագետ թեկնածուն առաջարկում է պրոգրեսիվ հարկային համակարգ ներդնել, որի արդյունքում մեր երկրում առկա հարստության գերկենտրոնացումը կմեղմվի, տնտեսական ռեսուրսները կապակենտրոնացվեն: Այս ամենի արդյունքում արդեն այս տարի, իհարկե՝ երկրի նախագահ ընտրվելու դեպքում, Բագրատյանը աղքատությունը 5%-ով կկրճատի, մինչեւ 2017 թվականը ընդհանուր աղքատության ցուցանիշը 35%-ից կիջեցնի 15-ի, իսկ ծայրահեղ աղքատների թիվը բնակչության 2%-ից չի անցնի:

Առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումը՝ ՀՆԱ-ի ներկայիս 1.57%-ը տնտեսագետ թեկնածուն կդարձնի առնվազն 2.5%, ընդ որում՝ թեկնածուն առաջարկում է առողջապահական ծառայությունների հավաստագրային ֆինանսավորման անցնել. «Պետք է ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնարկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունեցող քաղաքացիները։ Այս մոտեցման համատարած կիրառման դեպքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան: Նկատի ունենալով նաեւ մասնավոր տրանսֆերտները՝ առողջապահության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 5-5.5%-ը։ Ընդամենը 3 տարի է պետք այս լայնամասշտաբ բարեփոխումների համար: Առողջապահության ոլորտում պետք է անցնել պետական պատվերի մրցութային տեղաբաշխման։ Միայն հաղթած կազմակերպություններին պետք է իրավունք տալ հավաստագիր ընդունել քաղաքացիներից»։

Պարոն Բագրատյանը նախատեսել է պայքարել նաեւ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի անբարեխիղճ տեսուչների դեմ: Թեկնածուն իր նախընտրական ծրագրով առաջարկում է հաշվիչներն ու ցուցիչները բացվեն կամ կնքվեն ոչ միայն տեսուչների կողմից, այլեւ սպառողի ներկայությամբ. «Վերջիններիս վրա պետք է լինի 2 կնիք՝ ընկերությանն ու սպառողինը։ Նրանք առանց մեկը մյուսին թույլ տալու չեն կարող ինքնուրույն բացել հաշվիչների կապարակնիքները: Հարցը կլուծենք մեկ տարվա ընթացքում»։

Տնտեսագետը Հայաստանի համար առաջարկում է մեկ այլ՝ միանգամայն նոր բան՝ եկամուտների ու ծախսերի համատարած հայտարարագրում, այսինքն՝ ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիների ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի հայտարարագրում: «Ընդ որում, սննդի ու դեղորայքի որոշակի չափաքանակի ծախսեր անելու պարագայում (նկատի ունենալով այս ապրանքների տեսակարար կշիռը քաղաքացու եկամուտների մեջ) քաղաքացին կստանա հարկային զեղչի իրավունք։ Սա թույլ կտա առեւտուրը, ծառայությունների զգալի մասը դուրս հանել ստվերից»,- նշված է թեկնածուի ծրագրում։

Պարոն Բագրատյանը նաեւ առաջարկում է հարկային բեռը փոքր ու միջին ձեռնարկություններից, այսպես ասած, փոխանցել խոշորին: Հանքարդյունաբերության ոլորտում էլ թեկնածուն առաջարկում է. «Այս ոլորտում՝ մոլիբդեն, պղինձ, պերլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի եւ այլն, պետք է վերացնել բնության պաշարների, բնության վերականգնման համար վճարները կամ 2012թ. մտցված ռոյալթիի թերի մեխանիզմը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի (ընդերքի) գինը, որով շահագործողն այն գնում է հասարակությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ»։

Նախագահի թեկնածուն, ինչպես իր նախընտրական ծրագրի կայքէջում է գրել, սոցիալական արդարության է հասնելու առաջարկությունների ընդամենը 100 քայլով:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031