Հարգանքի են արժանի բոլոր մարդիկ, ովքեր փորձում են զբաղվել քաղաքականությամբ: Ի վերջո, դա նշանակում է, որ տվյալ անձնավորությունը պատրաստ է լինել ուշադրության կենտրոնում, ինչը մի կողմից՝ գուցեեւ հաճելի է, բայց միաժամանակ նաեւ ենթադրում է հարվածներ ընդունելու, քննադատվելու, «դաղվելու» տհաճություններ: Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ հին եւ նոր քաղաքական գործիչներին՝ քիչ թե շատ սթափ գնահատել սեփական նշանակությունը եւ ազդեցությունը: Օրինակ՝ երբ գործիչն ասում է, որ նա «Ժամանակի էությունը» սոցիալիստական շարժման առաջնորդն է, մեր իրողությունները չիմացող մարդը կարող է ենթադրել, որ դա հազարավոր մարդկանց միավորող նույնիսկ ոչ թե կուսակցություն է, այլ մի հզոր շարժում, որի լիդերները եթե ոչ՝ այսօր, ապա վաղը կգան իշխանության, եւ շուտով Նժդեհի ցիտատների փոխարեն մենք ստիպված կլինենք լսել ցիտատների Ստալինից: Իրականում ժամանակի էությունը հասկացող հոծ զանգվածներ, որքան հասկանում եմ, չկան, եւ «մենք, շարժումը» արտահայտությունը խիստ չափազանցություն է:
Ընդհանրապես ես կզգուշանայի քաղաքական տեքստերում դերանուններ օգտագործելիս: Ինձ թվում է՝ ծայրահեղ լկտիություն է, երբ գործիչն ասում է՝ «մենք, հայ ժողովուրդը», կամ նույնիսկ՝ «մենք՝ Հայաստանի քաղաքացիներս»: Բայց երբ նույնիսկ ասվում է՝ «մեր կուսակցությունը որոշեց», «մենք սատարում ենք», «երեկ տեղի է ունեցել մեր կուսակցություն վարչության (շտաբի) նիստը, որը քննարկեց…», դա էլ է շատ հաճախ խաբեություն, որովհետեւ այդ կուսակցությունները սովորաբար տեղավորվում են մի «Զապորոժեցի» մեջ, եւ ոչ մի վարչություն էլ իրականում գոյություն չունի: Մանավանդ զավեշտական է, երբ տվյալ անձնավորությունը «համեստորեն» ասում է՝ «մեզ մոտ որոշումները կոլեգիալ են ընդունվում, եւ իմ կուսակցության անդամները նպատակահարմար գտան, խնդրեցին ու պահանջեցին, որ ես առաջադրվեմ (կամ՝ չառաջադրվեմ) նախագահի պաշտոնում»: Երբ խնդրում ես թվարկել այդ «կուսակցության անդամներին», 3-4 ազգանունից բացի՝ այդ «համազգային խնդրանքի» առարկան չի կարողանում նշել: Իմ կարծիքով՝ «մենք» դերանունը կարող են օգտագործել մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն (որի «հզորությունը» 90 տոկոսով հիմնված է տնտեսական եւ վարչական լծակների վրա), ՀՀՇ-ն, որտեղ 98 թվականից հետո մնացին միայն գաղափարի մարդիկ, Դաշնակցությունը եւ էլի մի քանիսը: Մնացածների «շարքերը», «վարչությունները», «համագումարները» ֆիկցիա են:
Դերանունների շարքից է նաեւ այն ֆենոմենը, երբ գործիչն իր մասին խոսում է երրորդ դեմքով: Դա անհամեստության ամենաբարձր աստիճանն է: Այսինքն՝ ես խոսում եւ գործում եմ ոչ թե որպես Պարույր Հայրիկյան կամ Արտաշես Գեղամյան՝ մսից եւ արյունից բաղկացած մահկանացու, այլ որպես ինձնից դուրս գտնվող ինչ-որ բարձրագույն եւ գերբնական ուժերի էմանացիա (մարմնավորում): Ամենահեշտը մարդը հավատում է այն հեքիաթներին, որոնք ինքն իր մասին հյուսում է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ