Երեկ երեկոյան գումարած շտաբի նիստում Հանրապետական կուսակցությունը հաստատել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ եւ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ով այդ ժամանակահատվածում չի հրաժարվելու ԱԺ նախագահի պարտականություններից: Շտաբի անդամներն են ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, իսկ շտաբի պետի տեղակալները 5-ն են` Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան, Լեւոն Յոլյան:
«ՀՀԿ-ն կարեւորում է ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնելը: Այս ընտրությունները պետք է անցնեն բացառիկ դրական մթնոլորոտում, լինեն լավագույնը մեր պետության 21-ամյա պատմության մեջ, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ