Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի ու ինքնասպանության միջև

Հունվար 12,2013 12:35

Մինչ Հայաստանում փորձ է արվում հասարակական ակտիվի և քաղաքական ֆիկտիվի մակարդակում քննարկել` բոյկո՞տ, թե՞ մասնակցություն դիլեման, Հայաստանի հասարակությունը շարունակում է տառապել իր կյանքով: Իսկ այդ կյանքն իսկապես տառապանք է` բառի բուն իմաստով: Դրա մասին են վկայում արտագաղթի նոր, զանգվածային ալիքը, նաև` իրար հաջորդող ինքնասպանությունները:

Այն, որ արտագաղթն ու ինքնասպանությունները վիճակագրությամբ չեն փոխվում` առաջինը չի դառնում եզակի, իսկ երկրորդը` զանգվածային երևույթ, դեռ չի նշանակում, որ իրավիճակը բարվոք է կամ չի հասել ողբերգականին: Դիլեմայի հանգուցալուծում փնտրող ակտիվն ու ֆիկտիվը ըստ էության չեն մտածում այս մասին, որովհետև մտածելու պարագայում պետք է ոչ թե հանգուցալուծում փնտրեն դիլեմայի շուրջ, այլ պարզապես գնան ու խորհրդակցեն այն մարդկանց հետ, որոնք այսօր հանգուցալուծում են փնտրում արտագաղթի և ինքնասպանության միջև: Նստեն ու խորհրդակցեն, և այդ մարդիկ թերևս ամենից դիպուկը կասեն ակտիվին ու ֆիկտիվին, թե ինչ է պետք անել, թե ինչ են սպասում նրանցից: Կամ էլ կասեն, որ ոչինչ չեն սպասում և իզուր էներգիա թող չծախսեն ինչ-որ ելքեր, հանգուցալուծումներ գտնելու շուրջ` բոյկո՞տ, թե՞ մասնակցություն թեմայով, այլ թող իրենց պես մտորեն արտագաղթի կամ ինքնասպանության շուրջ:

Սրանում գույների անհարկի խտացում չկա: Վերջիվերջո` Հայաստանում քսան տարի ձգվող տրագիկոմեդիան պետք է ավարտվի, և պետք է ավարտվի ոչ Հայաստանի քաղաքացիների արտագաղթով կամ ինքնասպանությամբ: Եթե որևէ մեկը պետք է արտագաղթի կամ ինքնասպան լինի, ապա դա այն հասարակական-քաղաքական միտքն է, որը Հայաստանի վիճակը քսան տարվա ընթացքում կեղծ պատկերացումներով, կեղծ բարոյականությամբ, կեղծ հաստատակամությամբ, կեղծ հայրենասիրությամբ և կեղծ ազգայնականությամբ բերել ու հասցրել է ներկայիս վիճակին: Եվ ուրեմն եթե դրված է հեռանալու կամ ինքնասպանության հարցը, ապա առաջին հերթին այդ հարցը դրված է այդ կեղծիքի առաջ` պետք է հեռանա կեղծիքը, պետք է ինքնասպան լինի կեղծիքը, ոչ թե քաղաքացին:

Հարցը Հայաստանում այսօր դրված է հենց այսպես, և սա նաև հասկանում են այն ուժերը, որոնք հանդիսանում են մեծ կեղծիքի շղթայի տարբեր օղակներ: Այդ պատճառով է, որ նրանք քննարկում են ինչ-որ «քաղաքական» դիլեմաներ, համոզում են իրենց և հասարակությանը, որովհետև եթե գնան, նստեն այդ հասարակության անդամների դիմաց և հարցնեն պարզ բաներ, ապա նույնքան էլ պարզ բաներ կլսեն իրենց մասին, որից հետո այլևս իրենց համար ամեն ինչ կլինի վերջացած, թատրոնը կավարտվի, որովհետև կհամոզվեն, որ իրենց խաղացած թատրոնում հանդիսատես այլևս չկա, հանդիսատեսը վաղուց է հեռացել, ընդ որում` անվերադարձ:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031