Եվ հմուտ լողորդները
Նախընտրական այս փուլում տեղի ունեցան իրադարձություններ, որոնց նախաձեռնողներին նորմալ երկրներում հաստատ կտեղափոխեին համապատասխան բուժհաստատություններ:
Այդ իրադարձությունները կարելի է բաժանել նախընտրական «կամպանիայի» մեջ աննորմալ երեւույթների երկու փուլի:
Առաջինը անփող թեկնածուների ջղայնացած բաղոքն էր ընտրագրավ սահմանողների դեմ եւ դատի տալու սպառնալիքը: Սա, ի դեպ, անմեղսունակության դրսեւորում էր, հետեւաբար անվնաս: Մարդ են, փող չունեն, բայց ուզում են նախագահ դառնալ: Մարդկայնորեն հասկանալի երեւույթ է:
Բայց հիմա ի հայտ է գալիս երկրորդ փուլը, որին բնորոշ են ցինիզմը եւ ուրիշ այլ բաներ, որոնք կփորձենք պարզաբանել:
Խոսքը վերաբերում է նախագահի երկու թեկնածուների` Արամ Հարությունյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` մյուս թեկնածուներին ուղղած հորդորներին, որ հանեն իրենց թեկնածությունը եւ ինքնաբացարկ հայտարարեն:
Առաջինը այս «փրկուղին» հայտնագործեց Ա.Հարությունյանը, որը, չնայած նախորդ ընտրություններում հավաքել էր ընդամենը մոտ երկու հազար ձայն, այս տարի էլ «գտավ» ութ միլիոն դրամ:
Երկրորդը, որ միացավ այս ազգափրկիչ կոչին, ոմն Անդրիաս Ղուկասյան է` հանրությանը քաջ հայտնի մի հմուտ քաղաքական գործիչ, որի գալուն վաղուց սպասում էր ռեժիմից դժգոհ ամբողջ հայ ժողովուրդը: Սույն թեկնածուն բաց նամակով դիմել է նախագահի մյուս թեկնածուներին եւ կոչ արել միասնաբար դուրս գալ «ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից եւ միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների»:
Թե ով է այս Անդրիասը, ինչ քաղաքական հեղինակության տեր, որ իրեն իրավունք է վերապահում ինքնաբացարկի խորհուրդ տալ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Պարույր Հայրիկյանին, հայտնի չէ: Բայց տպավորություն է ստեղծվում, թե լողավազան մտած այս նորելուկին «ներդրել» են հմուտ լողորդներ: Ինչո՞ւ: Որովհետեւ դարձյալ «գտել է» ութ միլիոն դրամ:
Անչափ հուզիչ է հատկապես այն, որ սույն թեկնածուն իր բաց նամակում բոլորին դաս է տալիս, թե ինչ ասել է քաղաքական գործիչ. «Քաղաքական գործիչը նա է, ով իր վրա է վերցնում հանրության շահերը պաշտպանելու պարտքը: Այսօր մենք ունենք իրավունք` ձեւավորելու Հայաստանի համար նոր քաղաքական օրակարգ: Դրա հետ մեկտեղ, մեզ վրա է դրված երկրի քաղաքական ապագան որոշելու պատասխանատվությունը»:
Ուշադրություն դարձրի՞ք` «մեզ վրա»: Այսինքն, Անդրիաս Ղուկասյանը քաղաքական գործիչ է: Բայց չնայած այս «քաղաքական գործչի» գոյությանը, կարծում ենք, Հայաստանը դեռ փրկության հույս ունի:
Այժմ գլխավորի` այս թեկնածուների մառազմատիկ հորդորի մասին: Մեզ տեսանելի է երկու դրդապատճառ։
Առաջինը «մեյդան գալը», բայց սա քիչ հավանական է: Ինչու: Այս թեկնածուներից ոչ մեկը, մեղմ ասած, փողով աչքի չի ընկել, իսկ ընկեր-բարեկամներից միայն «մեյդան գալու» համար ութ միլիոն դրամ հավաքելը անհնարին է: Բացի դրանից, ընկեր-բարեկամներին պարզ է, որ այդ փողը գցվում է ջուրը: Այդ ինչո՞ւ ընկեր-բարեկամներից ութ միլիոն չկարողացան հավաքել անփող թեկնածուները:
Երկրորդն ավելի խորքային է եւ հեռուն է տանում: Չի բացառվում, որ այս թեկնածուներին ընտրագրավի համար անհրաժեշտ գումարը տրվել է մեկ կամ մեկական աղբյուրից: Ավելի հակված ենք աղբյուրի մեկ ակունքի տարբերակին, քանի որ երկուսն էլ Հայաստանի փրկության մասին նույն երգն են երգում: Եվ կուզեինք իմանալ, թե ովքեր են այդ գումարը հատկացնողները:
Թող ոչ մի թեկնածու էլ չվրդովվի, թե` «ձեզ ի՞նչ, թե որտեղից»: Տարօրինակ բան չկա, որ ընտրողներն ուզում են իմանալ այդ մասին, քանի որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ու հետաքրքիր է` այդ երաժշտությունը լինելու է հայկակա՞ն, ռուսակա՞ն, արեւմտյա՞ն, թե՞ զուտ «երկրաքանդական»:
Ասենք, Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու դեպքում այդ հարցը որեւէ մեկին չէր հետաքրքրի, բայց գումար է հատկացվել, մասնավորապես, մի անհայտ «գործչի», որի նպատակը միայն մյուս թեկնածուներին ինքնաբացարկի կոչ անելն է: Ակնհայտ է նաեւ, որ այդ «ֆինանսիստների» քաղաքական նպատակը Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի եւ Հրանտ Բագրատյանի ուսերին նստած` «երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում» նախաձեռնելն է: Ահա որն է իրական քաղաքական նպատակը:
Բայց մտավոր ունակություններով որքան համեստ պիտի լինի մարդը, որին թվա, թե ընտրապայքարի մեջ մտած կուսակցությունների առաջնորդները` թե Հայրիկյանը, թե Բագրատյանը, թե Հովհաննիսյանը, որոնք ունեն որոշակի քաղաքական կշիռ, կարող են լսել ու կատարել ընտրություններում ներդրված խառնակիչների հորդորը:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
«Հայոց աշխարհ»