«Մի չափազանցրեք, որ ՀԱԿ-ի համակիրներն ինձ դեմ են: Ես դեռ չեմ կշռել, բայց ինձ թվում է, որ ՀԱԿ-ից համակիրներն շատ ավելի շատ են, քան թե դեմերը»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ժամանակ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում ձեր առաջադրվելու կապակցությամբ ՀԱԿ համակիրների քննադատությանը, պատասխանեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Նրա համոզմամբ, ՀԱԿ-ից իրեն դեմ են Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆանատները. «Մարդ կա՝ ֆանատ է, ասում է՝ մեր լիդերը Տեր-Պետրոսյանն է եւ վերջ: Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ը իշխանությունը կազմաքանդելու շարժում էր, կարեւոր չէր՝ դու լիբերալ ես, կոմունիստ, թե սոցիալիստ: Ես գալիս եմ հստակ ազատական դիրքորոշումներով, որը համարում եմ ավելի սոցիալական, քան թե սոցիալիստների սոցիալիզմը, ավելի արդարացված:
Եվ այստեղ գաղափարների հարց կա: ՀԱԿ- ի մեջ այն փոքրիկ հատվածը, որոնց համար սրանք կարեւոր են՝ Բագրատյանի մեջ տեսնում է ոչ պոպուլիստին: Իմ ծրագրում չեմ ասում՝ աշխատատեղ կստեղծեմ: Մոդայիկ է, չէ ՞, սաղ աշխատատեղ են ստեղծում: Ամեն անգամ 2-րդ, 3-րդ նախագահը աշխատատեղ են ստեղծում, բայց 100.000 ստեղծում էին, 240.000 փակվել է, ուրեմն՝ ստեղծված աշխատատեղը որակով չէ: Ես ուրիշ բան եմ ասում՝ դուք ձեր աշխատատեղը կստեղծեք:
ՀԱԿ-ում կան ուժեր, մի երկու կուսակցության ղեկավար անընդունելի են համարում: Քանի դեռ ՀԱԿ-ը կար՝ ես գիտեի, որ մենք գնում ենք քանդելու, ու ես դրան համաձայն էի, հիմա՝ չէ: Այսպիսի բաներ կլինեն, բայց ճնշող մեծամասնությունը նման խնդիր չունի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ պարոն Բագրատյանի առաջադրվելու որոշումը համացանցում ՀԱԿ համակիրների քննարկման նյութն էր դարձել: Նրանք տարբեր նկարներով ու մեկնաբանություններով քննադատում էին՝ այդ որոշումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ