Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում տեղաբնակները շարունակում են աթարով ջեռուցել տները: Գյուղի մոտակայքում վառելափայտ չկա, իսկ գյուղացիներից ոչ բոլորն են ի վիճակի փայտ գնելու, ովքեր էլ հնարավորություն ունեն՝ ձմռան պաշարը Քաշաթաղից են բերում` 1 խ.մ-ի դիմաց 15 հազար դրամ վճարելով:
«Գյուղացուն էդքան փող որտեղի՞ց, որ կարողանա ամբողջ ձմեռվա փայտը էդ թանկ գներով առնի: Ստիպված գոմաղբով ենք տաքացնում տները հիմնականում, թափուկ հավաքելու հնարավորություն էլ չունենք մոտակայքում: Մի քանի մետր փայտ էլ գնում ենք, որ աթարի հետ զուգահեռ վառենք եւ ձմեռը դուրս բերենք` չմրսենք հիվանդանանք», – ասում են Գորիսի Խոզնավար գյուղի բնակիչները:
Գյուղը գազաֆիկացված չէ: Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանի խոսքով` անցած տարվանից մեկնարկել են գազաֆիկացման աշխատանքները եւ նախատեսվում են այս տարի ավարտին հասցնել:
Խոզնավարում այս պահին մոտ կես մետր ձյուն է եկել, ինչի պատճառով դեպի Գորիս տանող 45 կմ ճանապարհը 2 օր փակվել էր եւ կապը կտրվել էր դրսի աշխարհի հետ եւ միայն այսօր է բացվել: Թեեւ ճանապարհը մաքրվում է, այնուամենայնիվ այն ժամանակ առ ժամանակ փակվում է:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ