Այսօր` հունվարի11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում,
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:
Ինչպես հիվանդանոցից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Բժիշկները քննչական խմբի անդամներին հայտնել են, որ մահացածը հարվածը ստացել է կրծաքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածում ստացած ծակած վերքի հետևանքով: Քանի որ պետք է ճշտվեր մահացածի ինքնությունը, և որտեղից է նրա դին տեղափոխվել բժշկական կենտրոն, քննիչների խումբը բաժանվում է 2 խմբի: Առաջին խմբի աշխատանքները ղեկավարում է Մ.Վարդանյանը, ով աշխատանքները կատարում է հիվանդանոցում, իսկ 2-րդ խումբը` Նոր Նորքի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչյա Ղազարյանը:
Քննչական խումբը պարզում է, որ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանի բնակիչ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է, որ մահացածի դին հիվանդանոց է տեղափոխվել նշված հասցեից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և նրա հոր` նույն հասցեի բնակիչ 83-ամյա Վոլոդյա Նիկոյանի միջև:
Կարդացեք նաև
Քիչ առաջ Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 83-ամյա Վոլոդյա Նիկոյանին: Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք` խոհանոցային դանակը:
Փաստի առթիվ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1-2 օրվա ընթացքում հնարավոր է քննչական մարմինը միջնորդությամբ դիմի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որդուն սպանած հոր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի միջնորդությունը բավարարելու համար: