Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը քանդեց Քոչարյանի ավազակապետությունը, դրա համար էլ հեռացավ, թե չէ չէր հեռանա»

Հունվար 11,2013 20:36

Այդքան հիասթափվե՞լ եք Լեւոն Տեր-Պետրոսյանից ու Կոնգրեսից, որ ժամանակին չնայած կանգնած էիք առաջին նախագահի կողքին, իսկ այսօր ասում եք, որ ուզում եք Սերժ Սարգսյանը հաղթի: Aravot.am-ի այս հարցին այսօր Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պատասխանեց. «Նախեւառաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետ քաշվեց պայքարից: Հենց դրանով ինքը հանեց շատ մեծ խոչընդոտ՝ Սերժ Սարգսյանի վերընտրվելու ճանապարհից: Նկատի ունեմ նրա վերջին որոշումը»:

Մենք ճշտեցինք՝ եւ դրանից Դուք հիասթափվեցի՞ք՝ նա պատասխանեց. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանից չեմ հիասթափվել: Ես ասում եմ՝ կեցցե նախագահը: Հեռացա՞վ առաջին նախագահը՝ կեցցե գործող նախագահը: Ես չեմ համարում, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, Հայաստանը պետք է մնա առանց նախագահ: Հայաստանը պետք է ունենա իր նախագահը, եւ առաջիկայում ով էլ կընտրվի, նա կլինի մեր նախագահը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին ես շնորհակալություն եմ ասում, որ ինքը կար, պայքարում էր: Հեռանալու համար նույնպես շնորհակալություն եմ ասում, որ ինքը մեզ ասեց՝ գործեք ինչպես ուզում եք՝ ամեն մեկդ առանձին: Քանի որ ինքը՝ հրամանատարը հեռացել է, մենք արդեն մեր կյանքը պետք է դասավորենք մեր ուզած ձեւով»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Կոնգրեսի ճակատագիրը ի՞նչ պետք է լինի, այսպես ցրվելո՞ւ է, վերանալո՞ւ է՝ նա պատասխանեց. «Ճիշտ կլինի, որ ցրվի, որովհետեւ նրա շուրջն էր համախմբված ՀԱԿ-ը: ՀԱԿ-ը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր եւ այլ կուսակցություներ: Հիմա այլ կուսակցությունները պետք է շարունակեն իրենց գործը՝ առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի»:

Ըստ Ազատ Արշակյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց ինքը շատ հզոր մրցակից էր Սերժ Սարգսյանի համար եւ կարող էր լուրջ խոչընդոտ լինել, որ նա չվերընտրվեր: Մեր հարցին՝ նույնիսկ առանց ԲՀԿ-ի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը հզոր մրցակից էր՝ նա պատասխանեց. «ԲՀԿ-ի հետ միասին է՛լ ավելի հզոր կլիներ: Կոնգրեսի ներուժը, կարծում եմ, վերջին շրջանում նվազողական էր: Եվ դա էր պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ: Այսինքն, ՀԱԿ-ի ռեսուրսները պակասել էին»:

Ազատ Արշակյանը մի շատ ուշագրավ հայտարարություն արեց՝ «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր անելիքն արել էին: Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի հետ հեռացրեցին իշխանությունից Ռոբերտ Քոչարյանին եւ այլեւս անելիք չունեին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, չէ՞, կազմաքանդենք ավազակապետությունը: Ավազակապետությունը կազմաքանդեց: Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականում իր գործը համարում էր կատարված, դրա համար էլ հեռացավ: Թե չէ չէր հեռանա:»:

Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը ավազակապետություն անվանում էր նաեւ այս իշխանությանը, միայն Քոչարյանի իշխանությանը չէր անվանում՝ նա պատասխանեց. «Ճիշտ է, Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ իմաստով հետեւողական էր, բայց ինքը ասում էր, չէ՞՝ ռեալ պոլիտիկ: Որոշ դեպքերում պրագմատիկ քայլեր են պետք՝ համագործակցել հակառակորդի հակառակորդի հետ կամ ինչ-որ ինտրիգներ անել: Ես ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել վարպետ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Մեր զարմանքին՝ ու հիմա, քանի որ նա չկա, կեցցե ներկայիս նախագա՞հը՝ Ազատ Արշակյանը պատասխանոց. «Այո: Իսկ ինչի՞ չէ: Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը կմաքրի շատ ապաքաղաքական տարրերից: Քաղաքականությունում շատ անարժան մարդիկ կան: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նրանց կհեռացնի ու դրանով ինքը կմնա պատմության մեջ»:

Քանի որ Ազատ Արշակյանը բիզնես ունի, մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Դուք ձեր բիզնեսի համար է, որ Սերժ Սարգսյանի «ջրաղացին ջուր եք լցնում»՝ նա վստահեցրեց, որ դա ուներ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, երբ ճնշումների է ենթարկվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031