Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը կուսակցությունից հեռացողներին. «Շանտաժի լեզուն մեզ համար անընդունելի է»

Հունվար 11,2013 19:52

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Aravot.am-ին էին դիմել վերջերս աշխատանքից հեռացված Գյումրու քաղաքապետարանի մի քանի մասնագետներ` նշելով, որ իրենք պատրաստվում են ցուցադրաբար վայր դնել Հանրապետական կուսակցության անդամատոմսերը, քանի որ, ըստ նրանց, ՀՀԿ-ն անզոր է ԲՀԿ-ական քաղաքապետի մոտ իր կուսակիցների շահերը պաշտպանելու: Նշենք, որ խոսքը Վարդան Ղուկասյանի օրոք Հանրապետական կուսակցության շարքերն անդամագրված մարդկանց մասին է, որոնց գործազուրկ է դարձրել նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մենք նրանց բողոքը փոխանցեցինք ՀՀԿ կառույցի Շիրակի մարզային ղեկավար Սահակ Մինասյանին` հարցնելով մի՞թե հնարավոր չէր միջամտել ու պաշտպանել կուսակիցների շահերը, հո մարդիկ չե՞ն բաժանվում «վարդանականների» ու «սամվելականների», և վերջո Գյումրին որևէ քաղաքապետի հոր տունը չէ, որտեղ ում ուզեն՝ ազատեն, ում ուզեն՝ աշխատանքի տեղավորեն: Սահակ Մինասյանը նախևառաջ փոխանցեց, որ իրենց կառույցին այս հարցով դիմող չի եղել: «Ցանկացած կուսակցության ներկայացուցիչ, լինի դա ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ կամ ՀՅԴ մեր երկրում իր իրավունքները սահմանադրորեն պաշտպանելու բոլոր հիմքերն ունի: Նրանք կարող էին համապատասխան դիմումով դիմել վերադաս գերատեսչական մարմնին (տվյալ դեպքում պաշտոնյան ի նկատի ունի մարզպետարանը.- Ն. Ա.), կից ներկայացնելով գործատուի, տվյալ դեպքում Գյումրու քաղաքապետի գրավոր պատասխանը: Վերադաս կառույցում կուսումնասիրեին , եթե առանց հիմքի են ազատում աշխատանքից, ապա քաղաքապետին կհորդորեին վերականգնել, եթե վիճելի է այդ հիմքը, ապա համապատասխան իրավաբանական խորհրդատվություն կկազմակերպեին, և ի վերջո անձը կորոշեր դիմե՞լ դատարան, թե՞ ոչ:Այլապես, շահարկել կուսակցական պատկանելությունը, հատկապես այն պարագայում, երբ այս մասին նախապես չեն իրազեկել ՀՀԿ քաղաքային ու մարզային կառույցներին , անտեղի է: Ամեն դեպքում պատրաստ ենք լսելու աշխատանք կորցրած ցանկացած գործավորի խնդիրը և օժանդակելու ցանկացած իրավական լուծում ստանալու հարցում:

Մենք չենք պատրաստվում իշխող կուսակցության ներկայացուցիչներին հովանավորել առանց համապատասխան իրավական հիմքերի կամ արտոնյալի կարգավիճակ տալ: Ընդհակառակը ես կարծում եմ, որ մեր կուսակիցները թե աշխատանքի նկատմամբ իրենց ունեցած նվիրումով, թե օրինապահությամբ պարտավոր են երևելի լինել:Այլ մոտեցում` շանտաժ կամ այլ տեսակի շահարկումների տակ սքողված պահանջներ մեզ համար անընդունելի են», -նախազգուշացրեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031