Հունվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի առաջին նիստը:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ողջունելով ներկաներին, փաստեց. «ՀՀ կառավարությունը նշանակալի փոփոխություններ է իրականացրել իրավաօրենսդրական համակարգում, որի արդյունքում սիրիահայերին հուզող բազմաթիվ հիմնախնդիրներ ստացել են իրենց լուծումները, սակայն շարունակվում է սիրիահայերի հոսքը Հայաստան, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են ենթադրում»:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրեց ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները: Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցելու նպատակով ՀՀ ՍՆ հետ համագործակցում են բոլոր գերատեսչությունները, ինչպես նաև շուրջ 20 համահայկական կազմակերպություններ, հոգևոր կառույցներ, միջազգային կազմակերպություններ: Իր գործունեությունն է շարունակում սիրիահայերի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ ստեղծված «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի տվյալների բազայում արդեն առկա է շուրջ 1300 սիրիահայ ընտանիքների մասին տեղեկատվություն: Արդեն՝ կարիքավորներին աջակցելու ուղղությամբ տարբեր ձևաչափերով կատարվել են մեծածավալ աշխատանքներ: Հայաստանում բնակվող սիրիահայերին 100 000 ԱՄՆ դոլարի աջակցություն է ցուցաբերել Քուվեյթի Պետությունը: «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամը իրականացրել է ծրագիր, որի շրջանակներում 200 ընտանիք 4 շաբաթվա ընթացքում ստացել է 20 000 ՀՀ դրամ արժողությամբ կտրոն:
Նոյեմբերին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, աշխատանք փնտրող սիրիահայերի և պոտենցիալ գործատուների մասնակցությամբ խորհրդակցության արդյունքում բազմաթիվ սիրահայեր գտան իրենց գործատուներին: Այնուամենայնիվ, ՀՀ սփյուռքի նախարարի խոսքով՝ շարունակում է արդիական մնալ սիրիահայերի աշխատանքի տեղավորման հարցը, որի ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունները շարունակական անելիքներ ունեն:
Կարդացեք նաև
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքական ծրագրերի վարչության պետ Գուրգեն Պողոսյանը տեղեկացրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հնարավորություն ունի աշխատանքի տեղավորել շուրջ 30 հաշմանդամ սիրիահայի:
Հայաստանում ներդրումներ անել ցանկացող սիրիահայերը ներկայացրեցին ՀՀ գործարար ոլորտի հետ կապված իրենց խնդիրները: Սիրիահայ գործարարների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո տրված հանձնարարության համաձայն՝ աշխատանքներ են տարվում սիրիահայ ոսկերիչներին աշխատանքային որևէ միասնական տարածք հատկացնելու ուղղությամբ: ՀՀ ԿԱ ՊԵԿ –ի և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկումներ են իրականացվում սիրիահայ ոսկերիչների գործունեությանն աջակցելու համար:
Երևանի մերձակայքում արտադրամասային, ավտոտեխսպասարկման, առևտրի սպասարկման համար տարածք հատկացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը սիրիահայերին առաջարկել է երևանամերձ 3 հնարավոր տարածք:
Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է սկսնակ գործարարների դասընթաց: Խորհրդակցության ընթացքում ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ արդեն իսկ ներկայացվել է 10 ծրագիր, որոնք արժանացել են հավանության և վարկավորման: Առաջիկայում նախատեսվում է դասընթացի երկրորդ փուլի մեկնարկը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին վերջին ժամանակահատվածում սիրիահայերին հուզող խնդիրները: Բարձրացվեց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության Երևան-Հալեպ չվերթի ավիատոմսերի գումարի վերադարձման հարցը: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը տեղեկացրեց, որ հարցի լուծումը կապված է միայն «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության կամքից: ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկով՝ կնախապատրաստվի համապատասխան գրություն և կներկայացվի ՀՀ վարչապետին:
Քննարկվեց նաև ՀՀ-ում սիրիահայերի հաշվառման անհրաժեշտությունը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը տեղեկացրեց, որ հաշվառումն իրականացվում է առավելագույն պարզեցված տարբերակով և որևէ դժվարություն չի առաջացնում: Ա. Համբարձումյանի խոսքով՝ 2012 թվականին 4736 սիրիահայի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:
ՀՀ առողջապահության փոխնախարար Հ. Դարբինյանի տեղեկացմամբ շուրջ 1000 սիրիահայ բուժօգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում: Նախնական բոլոր հետազոտություններն արվում են անվճար, կատարվում են բոլոր հնարավոր զեղչերը վիրահատությունների դեպքերում: Սրտի 6 վիրահատություն իրականացվել է անվճար:
Նախարար Հ. Հակոբյանը բարձրացրեց նաև դեղորայքի անվճար տրամադրման անհրաժեշտությունը՝ առաջարկելով ծրագրի իրականացման հնարավոր տարբերակներ, որոնք կքննարկվեն առաջիկայում:
Քննարկվեցին նաև փաստաթուղթ չունեցող սիրիահայերի՝ ՀՀ տեղափոխման դեքպերը, որին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը տեղեկացրեց, որ նման դեպքերը բացառիկ են, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին: Վերջին շրջանում սիրիահայերի կողմից առաջ է քաշվել Վրաստանի սահմանային կետերով տարանցիկ ճանապարհով ՀՀ փոխադրման ընթացքում առաջացած բարդությունները լուծելու հարցը: Ս. Մանասարյանի պարզաբանմամբ նմանտիպ դեպքերը ևս եզակի են և կապված են առանձնահատուկ իրողությունների հետ:
Նիստի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարը գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց սիրիահայերի՝ կացարաններով ապահովման հարցի վրա: ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ Միգրցիոն ծառայությունը ՄԱԿ-ի հետ համատեղ վերանորոգելու է 150 քառակուսի մետր տարածքով շինություն, որում ևս տեղավորվելու են սիրիահայերը: Սփյուռքի նախարարն իրազեկեց, որ կատարվել է ուսումնասիրություն՝ պարզելու մարզերում վարձակալության ենթակա բնակարանների տվյալներն ու հնարավորությունները:
Անդրադարձ եղավ նաև Հայաստանում գտնվող սիրիահայերի կրթության հետ կապված հարցերին: Ամիսներ առաջ հրատապ էր սիրիահայ ուսանողների ուսմա վարձերի վճարման խնդիրը: ՀՀ սփյուռքի նախարարությունը հարցը բարձրացրել է պատկան մարմիններում, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այդ նպատակով երիտասարադրական հիմնադրամին հատկացրել 40 միլիոն դրամ, ևս 13 միլիոն ՀՀ դրամ հատկացրել է Հայաստան Համահայկական հիմնադրամը:
ՀՀ սփյուռքի նախարարը, ամփոփելով նիստը, կարևորեց սիրիահայերի՝ հայաստանյան իրավական ու օրենսդրական համակարգի վերաբերյալ տեղեկացվածությունը, ինչը կհեշտացնի նրանց կենսագործունեությունը Հայաստանում: Որոշվեց թարմացնել սիրիահայերի իրավունքների մասին թերթոնի բովանդակությունը՝ պարբերաբար տեղեկացնելով օրենսդրական փոփոխությունների մասին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներում պատրաստակամություն, համակարգվածություն և առավելագույն օպերատիվություն ցուցաբերելու համար:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրություն