Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածուներին առաջարկում են գովազդվել ճանապարհներին

Հունվար 11,2013 18:03

Ծաղկաձոր-Հանքավան խաչմերուկում «Հրազ ՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունը ՀՀ նախագահի աթոռի համար պայքարող 8 թեկնածուներին իրենց նախընտրական գովազդային պաստառը տեղադրելու համար առաջարկում է վահանակ` 18 քմ տարածքով: «Հրազ ՋԷԿ» -ի ծառայությունը մեկ ամսվա համար արժե 11 250 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքէջից:

ԿԸՀ-ն հրապարակել է այն տնտեսվարողների ցանկը եւ նրանց պատկանող գովազդային վահանակների գտնվելու վայրի հասցեն, որոնք նախընտրական շրջանում մեծադիր նախընտրական պաստառի համար իրենց ծառայություններն են առաջարկում թեկնածուներին: Գովազդի գները մեկ քմ-ի համար սկսվում է 2000 դրամից:

Այս գործում, այսպես ասած, գերիշխողը 4 ընկերություններ են`

«Յունիքորն գրուպ» ընկերությունը, «ԷԳԱ» ՍՊԸ-ն, Գյումրիում գրանցված «Իմիջ Մ. Գ.» ՍՊԸ-ն, «Նուշիկյան ասոցիացիա»-ն: Այս ընկերությունը նախագահի թեկնածուներին միայն մայրաքաղաքի վարչական շրջաններն է առաջարկում:

Առաջին 3 ընկերությունները, բացի քաղաքային վայրերից, ծառայություն են մատուցում նաեւ միջպետական եւ միջհամայնքային ճանապարհներին:

«Յունիքորն գրուպ»-ին պատկանում է 104 վահանակ, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրված վահանակներին գովազդ պատվիրելու համար թեկնածուն պետք է 1 քմ-ի համար վճարի 11 հազար դրամ: Միջպետական ճանապարհներին գովազդի գները գրեթե կրկնակի նվազում են. օրինակ` Երեւան-Գյումրի ավտոճանապարհին 1 քմ-ն արժե 4320 դրամ: Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին թեկնածուների համար նախատեսված գովազդի 1 քմ-ի արժեքը նույնն է:

«ԷԳԱ» ՍՊԸ-ն Աշտարակի խճուղում իր ծառայությունների արժեքը գնահատում է 162 հազար դրամ` նախագահի թեկնածուին մեկ ամիս շարունակ ցուցադրելու համար: Այս դեպքում գովազդային ընկերությունն առաջարկում է 27 քմ տարածք:

Մալաթիա-Սեբաստիայում «ԷԳԱ»-ն մեկ ամսվա համար 18 քմ-ով տարածք է վաճառում` 108 հազար դրամով:

Վահանակների բիզնեսով զբաղվող «Իմիջ Մ. Գ.» ընկերությունը Գյումրի քաղաքի, Երեւանյան խճուղում երկկողմանի պաստառը նախագահի թեկնածուներին առաջարկում է 97 հազար 200 դրամով, Երեւան-օդանավակայան ճանապարհին` 108 հազար դրամով:

Դավիթաշենում, այս ընկերությունը 90 քմ տարածքը տրամադրում է 540 հազար դրամով, ընդ որում, «Իմիջ Մ. Գ.»-ն միակողմանի պաստառի համար է այդքան գին սահմանել:

ԿԸՀ-ի կայքում գովազդի ծառայություն են մատուցում նաեւ անհատ ձեռներեցներ: «Արամ Դանիելյան» Ա/Ձ-ն Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու վրա տեղադրված վահանակին 18 քմ-անոց տարածքը վաճառում է 1 քմ-ն 6 հազար դրամով:

«Դավիթ Մելիքյան» Ա/Ձ-ն Կապան-Երեւան-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհին, 22,5 քմ տարածքով վահանակի վրա նախագահի թեկնածուի մեծադիր լուսանկարը մեկ ամիս շարունակ ցուցադրելու համար պահանջում է 100 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031