Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահն ինքն իրեն չի ստուգի

Հունվար 11,2013 17:44

Սիվիլնեթ. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) որոշել է այս տարի հարկային ստուգումներ իրականացնել բանկերում, ապահովագրական ընկերություններում, բջջային օպերատորների մոտ և անտեսել է, օրինակ, շաքարավազի շուկայում մենատեր «Լուսաստղ շուգր» ընկերությանը։ ՊԵԿ-ը ստուգումների չի իրականացնի նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ընկերություններում։

Այս տարի Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմինը նախատեսում է ստուգումներ իրականացնել 1566 հարկ վճարողների մոտ։ Նրանցից 1325-ը հայտնվել են «բարձր ռիսկայնության», 186-ը՝ «միջին ռիսկայնության» և 55-ը՝ «ցածր ռիսկային» խմբերում։ Համեմատության համար՝ ՊԵԿ-ի 2012թ. ստուգումների պլանի համաձայն՝ անցած տարի պետք է իրականացվեր 2386 հարկային ստուգում։ Ստացվում է, որ այս տարի ՊԵԿ-ը նախատեսում է կրճատել ստուգման ենթակա տնտեսավարողների թիվը 820-ով կամ 35%-ով։ Թե ինչով է պայմանավորված նման կրճատումը, ՊԵԿ-ի պլանից չի երևում։

Անցած տարի ՊԵԿ-ում ներդրվել է ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգ, որը թույլ է տալիս ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ և ռիսկային չափանիշների հիման վրա։

Ռիսկերի չափանիշների հիման վրա 2013թ. ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկում (2012թ. նոյեմբերի 29-ին հաստատվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից) հայտնվել է հինգ բանկ։ Սա բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա ստուգման պլանում բանկեր չկային։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ բանկերը Հայաստանում թերևս ամենաթափանցիկ կազմակերպություններն են, քանի որ գտնվում են Կենտրոնական բանկի ամենօրյա վերահսկողության տակ։

Բացի բանկերից, ՊԵԿ-ը որոշել է ստուգումներ անցկացնել թափանցիկ մեկ այլ ոլորտի ընկերություններում։ Ստուգման ցուցակում ներառվել է երեք ապահովագրական ընկերության։ Ընդ որում՝ երեքն էլ ռուսական խոշոր ապահովագրական ընկերությունների դուստր ձեռնարկություններ են։

Հարկայինը այս տարի ստուգումներ կիրականացնի նաև «Ղ-Տելեկոմ» (Վիվասել-ՄՏՍ) և «Օրանժ Արմենիա» ընկերություններում։ Հեռահաղորդակցության այս երկու ընկերություններում ստուգումները տարօրինակ են այնքանով, որքանով դրանք բորսաներում ցուցակված ՄՏՍ և France Telecom ընկերությունների դուստր ձեռնարկություններ են և հրապարակում են եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ։ Բացի այդ՝ ընկերությունների գործունեության հիմնական եռամսյակային ցուցանիշները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հրապարակվում են ընկերությունների կայքերում։

Ուշագրավ է, որ ստուգման ենթակա ընկերությունների ցանկից բացակայում են ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ձեռնարկությունները, մասնավորապես ռուսական և ուկրաինական կոնֆետներ ներկրող «Մեգա Ֆուդը», ավտոմեքենաների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Մեգա Մոտորսը», ժամացույցների «Խրոնոգրաֆ» խանութը, «Յուքոմ» ընկերությունը։

Ցանկում ներառված չէ նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ «փոխկապակցված» ու շաքարավազի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսաստղ շուգր» (Ախուրյան շաքարի գործարան) ընկերությունը։

Ի դեպ, ՊԵԿ-ի նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները ընդգրկված չէին նաև անցած տարվա ստուգման պլանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031