«Ժառանգություն» կուսակցությունում շանտաժի հոտ են առնում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունից:
Հիշեցնենք՝ նա այսօր հայտարարություն է տարածել՝ առաջարկելով նախագահի բոլոր թեկնածուներին միասնական վայր դնել իրենց թեկնածությունը: Նրանք, որոնք կմերժեն այս առաջարկությունը, Ա. Ղուկասյանի կողմից կդիտարկվեն գործող նախագահի կողմնակիցներ:
«Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է ընտրությունների մասնակցությունը: Ինչ վերաբերում է բոլորով ընտրապայքարից հեռանալուն, դա խնդրի լուծում չէ: Հակառակը՝ իշխանությունները շատ հանգիստ, լեգիտիմ, նորմալ կընտրվեն, կվերարտադրվեն ու առանց որեւէ խնդրի առաջ կշարժվեն՝ իրենց ոչ պետականամետ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ»,- Aravot.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ինչ վերաբերում է ՝ եթե վայր չդնեն, ուրեմն Սերժ Սարգսյանի դրածոն են , ապա սա արդեն անընդունելի եզրույթ է, որովհետեւ գնահատական տալ պետք չէ: Մանավանդ ժամանակները շատ անգամ ցուցադրել են, որ նմանատիպ շանտաժային լեզուն անընդունելի է, ու շանտաժային լեզու կիրառողները առավել մեծ նպաստ են բերում իշխանությանը: Հարգելով իր անձը՝ միաժամանակ ասում եմ, որ սա անթույլատրելի եզր է ու դրանից շանտաժի հոտ է գալիս, որը մեզ համար բացարձակ ընդունելի չէ: «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը ունեն իրենց քաղաքական գիծը, այն հնարավոր է՝ որոշների համար ընդունելի չէ, բայց այն մեր քաղաքական գիծն է, որեւէ կողմից չպարտադրված, մեր կողմից ընդունված: Մենք ունենք մեր պայքարի ուղին ու շարունակում ենք դրանով առաջ շարժվել: Նրա առաջարկը կյանքի կոչելու դեպքում որեւէ դրական գործընթաց մեր քաղաքացին չի ստանա»,- հավելեց պարոն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ