Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրավիրած ասուլիսում խոսելով Ռոբերտ Քոչարյանի հետ իր տարաձայնությունների մասին` ասաց, որ ամեն մի քաղաքական գործիչ ունի իրավունք` վերադառնալու ակտիվ քաղաքականություն, այդ թվում եւ երկրորդ նախագահը: Վերջնական որոշումն իրենն է. «Ինքը որպես առաջնորդ` կարող է իր որոշումները կայացնել` իհարկե, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների հաշվառմամբ»:
Հարցին` Դուք նշեցիք երկրորդ նախագահի հետ Ձեր տարաձայնությունների մասին, համագումարին էլ Ձեր վերաբերմունքը հայտնեցիք, այնուամենայնիվ, Դուք հենց երկրորդ նախագահի օրոք զբաղեցրել եք ՀՀ-ի ըստ էության 2-րդ քաղաքական պաշտոնը, կարո՞ղ ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, դա եղել է Ձեր քաղաքական կարիերայի գագաթնակետը` նա պատասխանեց. «Ես այսօր էլ 4-րդ քաղաքական պաշտոնյան եմ՝ համաձայն ՀՀ օրենքի: Այն, ինչ տեղի է ունեցել ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հետ, ես գնահատում եմ մեր անցած ճանապարհը: Հիշաչարությունը որպես քաղաքական կատեգորեա, իրականության մեջ չի կիրառվում: ՕԵԿ-ի նկատմամբ այն ճնշումները, որ կիրառվեցին, մարդիկ որ հեռացան ՕԵԿ-ից դեռեւս 10 տարի առաջ, բայց ես ոչ մեկից չեմ նեղացել: Այդ մարդկանց հետ բազմաթիվ անգամ աղ ու հաց ենք կիսել, այսօր էլ հանդիպում ենք, խոսում ենք: Չպետք է չարություն լինի: Պետք է լինի բարություն եւ հանդուրժողականություն: Քաղաքական գնահատականները ես չեմ ուզում անձնավորել: Իմ քաղաքական ելույթում արտահայտել եմ քաղաքական մոտեցում, որը անձնական հարաբերությունների հետ կապ չունի: Իսկ իմ քաղաքական կարիերան նորմալ հունի մեջ է:Ես այս տարի կդառնամ 45 տարեկան, 68 չեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ