Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների նկատողությունը ՀՀ իշխանություններին. Այդ աշխատանքը չպետք է իրականացվեր այսքան մոտ փետրվարի 18-ին

Հունվար 11,2013 17:12

Նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան եկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքները: 13 միջազգային փորձագետների առաքելությունը ղեկավարում է դեսպան Հայդի Թալիավինին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե ընտրությունները մրցակցային կլինե՞ն, եթե խոշոր քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցելուց, առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին վաղաժամ համարեց գնահատականներ տալը, ասաց՝ առաջիկայում հանդիպելու են բոլոր քաղաքական ուժերի հետ, ինչից հետո կկարողանան գնահատել իրավիճակը ու իրենց կարծիքը կարտահայտեն երկու միջանկյալ զեկույցներում. «Մենք ուշադրություն ենք դարձնում նրան, որ ընտրական գործընթացը համապատասխանի միջազգային չափանիշներին ու ներպետական օրենսդրության պահանջներին: Ընտրությունների արդյունքը մեզ չի հետաքրքրում»:

Հարցին, թե արդյոք միջազգային նորմերի խախտո՞ւմ չէ այն, որ ընտրությունները դեռ չմեկնարկած՝ իշխող կուսակցության անդամները պնդում են, որ իրենց թեկնածուն ֆավորիտ է, տիկին Հայդին պատասխանեց. «Դեռ վաղաժամ է այս մասին կարծիքներ հայտնելը, որովհետեւ մենք դիտարկելու ենք ընտրությունների ամբողջ գործընթացը՝ ներառյալ քվեարկության օրը, իսկ մեկ առանձին հայտարարություն բավական չէ կարծիք հայտնելու համար»:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո եւ նախագահական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներին , թե դրանք ինչքանով են կատարվել, առաքելության ղեկավարն ասաց. «Հայաստանի իշխանություններն այդ հանձնարարականներն իրականացնելու համար ստեղծել են աշխատանքային խումբ, թեեւ մեր գրասենյակը այն կարծիքին է, որ այդ աշխատանքը չպետք է իրականացվեր այսքան մոտ փետրվարի 18-ին: Մեր կարծիքը հայտնել էինք ու հավաստիացրել, որ ԺՀՄԻԳ-ը պատրաստ է այս ընտրություններից հետո սերտորեն համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ՝ իր վերջնական հանձնարարութունների հետագա իրականացման գործում: Ողջամիտ ենք համարում նման քննարկումներ ձեռնարկել գալիք ընտրություններից հետո՝ ներգրավելով պատկան քաղաքական ուժերին ու իշխանությունների ներկայացուցիչներին»:

Ընտրություններին Հայաստանում, բացի առաքելության 13 միջազգային փորձագետներից, կաշխատի եւս 24 դիտորդ, նրանց կմիանան նաեւ 250 կարճաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներ, որոնք միայն ընտրությունների օրը կաշխատեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031