Հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդն իր որոշումը կայացրեց` չառաջադրվել ՀՀ նախագահ` ՀՀԿ առաջնորդի հետ հանդիպումից հետո: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանից, թե որպես կոալիցիոն գործընկեր` տեղյա՞կ է այդ հանդիպման մանրամասներից, ինչից են զրուցել` նա պատասխանեց. «Իհարկե, ես ամեն ինչից էլ տեղյակ եմ: Բայց հիմա այդ զրույցները հրապարակելը տեղին չեմ համարում: Դրանք սովորական աշխատանքային, քաղաքական հանդիպումներ են եղել: Այդ հանդիպումների մասին եղել է համապատասխան տեղեկատվություն, եւ ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը ընդունել են այդ որոշումը: Դրան մենք վերաբերվում ենք ըմբռնումով»:
Հարցին` Ձեզ համար անակնկա՞լ էր այդ որոշումը` Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Անակնկալ չէր կարող լինել ոչ միայն ինձ համար, այլեւ շատերի համար, որովհետեւ հնարավոր երկու որոշում կար` մասնակցել կամ չմասնակցել: Անակնկալն այն է, որ հանկարծ մի որոշում է ընդունվում, որ, ասենք, բոլորի համար արտառոց է: Բայց քանի որ հնարավոր սցենարներից ընտրվեց մեկը, ինձ համար կոնկրետ անակնկալ չէր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ