Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական տնօրենի կալանքը փոխելու համար ստորագրություններ են հավաքվել

Հունվար 11,2013 15:59

2010թ. օգոստոսի 28-ին, ժ. 20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում վիճաբանել են Սահակ Սահակյանը, Գեւորգ Թոսունյանը (Հակոբ Թոսունյանի տղան) ու Գրիգոր Պապյանը (հետագայում՝ մահացած): Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության որոշմամբ Հակոբ Թոսունյանը ձերբակալվել է ու 2 օր հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդ. 2-րդ մասով: Այնուհետև 08.12.2012թ. կայացված որոշմամբ Հակոբ Թոսունյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել է ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 340 հոդ. 2-րդ մասով և 38-349 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով: Այսինքն՝ ապացույցների կեղծման, խոշոր չափի գումար կաշառքի միջոցով վկայի վրա ազդելու համար: Հ. Թոսունյանի պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը:

Aravot.am-ի տեղեկություններով, Հ. Թոսունյանն իր ընտանիքով 1947թ.-ից Սիրիայի Քեսաբ բնակավայրից տեղափոխվել և բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Շիկահող գյուղում:

Հ. Թոսունյանը սովետական բանակում ծառայությունը ավարտելուց հետո վերադարձել է գյուղ, եղել է կուլտուրայի տան տնօրենը:

Նա մասնակցել է Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերին:

Քանի որ իր հայրական տունը վնասվել էր ռմբակոծումից, 1993թ.-ին Հ. Թոսունյանը իր անչափահաս 3 որդիների, կնոջ հետ միասին տեղափոխվել է Քաջարան, որտեղ հիմնել է իր ընտանեկան բիզնեսը: Հ. Թոսունյանը բազմիցս ընտրվել է ավագանու անդամ, երկար տարիներ հանդիսանում է ՕԵԿ կուսակցության անդամ: Նա ընտանիքի միակ կերակրողն է:

Ըստ նրա պաշտպան Վ.Մանուկյանի՝ ոչ նախաքննական մարմինը և ոչ էլ դատարանը իրենց որոշումներում ոչ մի կերպ չեն հիմնավորել, թե Հ. Թոսունյանն ինչպես կարող էր խուսափել գործի քննությունից, նախաքննական մարմնից և դատարանից, եթե քննիչը որոշակի ապացույց չի վկայակոչել իր միջնորդությունների մեջ, իսկ դատարանն էլ դրանք հիմնավորված համարելու համար քննիչից նման ապացույցներ չի պահանջել:

Փաստաբանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ոչ քննիչը և ոչ էլ դատարանը իրենց որոշումների մեջ ոչ մի կերպ չեն պատճառաբանել, թե Հ. Թոսունյանը ինչպես կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա, եթե վերջիններս այդպիսի ապացույց չեն վկայակոչվել իրենց փաստարկները հիմնավորելու համար:

Ի դեպ, մեր աղբյուրների համաձայն, Հ. Թոսունյանի կալանավորման համար հիմք է հանդիսացել մեկ անձի՝ Ն. Հ.-ի ցուցմունքը:

Պաշտպանն ասում է, որ Հակոբ Թոսունյանը մինչև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկելը պատշաճ կարգով գրավոր ծանուցված չի եղել քննիչի մոտ հարցաքննության կանչված լինելու մասին: Դատարանը չի պահանջել դրանք՝ Հ. Թոսունյանի կողմից հարցաքննության կանչված լինելու ծանուցագիրը ստանալու ու քննությունից թաքնվելու հանգամանքները ստուգելու, փարատելու կամ հաստատելու համար, դրանով իսկ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր պաշտպանյալի իրավունքները:

5 ամիս արդեն կալանքի տակ գտնվող Հակոբ Թոսունյանը, որը պահվում է ԱՆ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում, նախկինում տարել է ինֆարկտ, ներկայումս ունի արյան բարձր ճնշում՝ սրտի սնուցման խանգարումով, ինչպես նաև աղեստամոքսի տրակտի, լյարդի, լեղապարկի հիվանդություններ, որոնց համար ներկայումս գտնվում է դիսպանսեր հսկողության տակ, ընդունում է դեղորայքային տարբեր բուժումներ, ինչը, պաշտպանի տեղեկացմամբ, հաստատվել է ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթերի միջոցով:

Հակոբ Թոսունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացվել է:

Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ այս օրերին իրենց ստորագրություններով երաշխավորել են Հակոբ Թոսունյանի պատշաճ վարքագիծը և միացել են պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ կապված նրա անմեղ լինելու ու խափանման միջոց կալանքը վերացնելու հարցի հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031