Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Բագրատյանն աշխատել է, բոլորն իրեն ճանաչում են, ինչքան տոկոս հավաքի` կլինի իր աշխատանքի արդյունքը»

Հունվար 11,2013 15:38

«Ծրագրեր շատ կարելի է գրել, գեղեցիկ ծրագրեր, բայց դրանք իրականացնել է պետք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը(«Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր)`պատասխանելով հարցին` ծանո ՞թ է նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրին եւ ի ՞նչ կարծիք ունի այդ ծրագրի մասին: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրում ներառված են ՀԱԿ-ի «100 քայլ» ծրագրի հիմնադրույթները, որոնք մեծամասամբ հեղինակել է Բագրատյանը:

Հակոբ Հակոբյանը կասկած չունի, որ Հրանտ Բագրատյանը լավ տնտեսագետ է եւ կարող է լավ ծրագրեր գրել, բայց գտնում է, որ ամեն գրված ծրագիր չէ, որ կարելի է իրագործել: Իրեն «գործին մոտիկ» մարդ համարելով, Հակոբյանն ասում է, որ ցանկացած ծրագիր մեկ անգամ նայելով կարող է ասել, թե դրա ո՞ր տոկոսն է իրականանալիք, ո՞ր տոկոսը` քարոզարշավի համար է գրված: Կոնկրետ Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի մասին էլ ասում է. «Քարոզարշավ է, շատ մարդիկ շատ բան են գրելու: Իմ կարծիքով, այնտեղ շատ դրույթներ էլ կան, որոնք եթե իրեն էլ հարցնեք, ինձ թվում է, եթե անկեղծ լինի` կասի, որ քարոզարշավի համար է արել: Նորից եմ ասում, ես բավականին բարձր կարծիք ունեմ Բագրատյանի մասին, որպես տնտեսագետ ինքը բավականին խելացի տնտեսագետ է: Բայց դե ինքը վարչապետ աշխատել է, բոլորը գիտեն, հիմա` ով իրեն ձայն կտա, ով չի տա` դա արդեն իր աշխատանքի արդյունքն է լինելու: Ես, օրինակ, հինգ տարի պատգամավոր եմ աշխատել, հետո քարոզարշավին որեւէ ավել խոստումներ չեմ տվել, բայց  մարդիկ գնահատել են իմ աշխատանքը եւ քվեարկել են իմ համար: Այսինքն, դա աշխատանքի արդյունք է, ծրագրերը, եսիմ, ես այդքան էլ չեմ ընդունում»:

Հակոբ Հակոբյանին խնդրեցինք Հրանտ Բագրատյանի ծրագրում նշել մեկ կետ, որը, իր` «գործին մոտիկ» մարդու կարծիքով, իրականանալի չէ: Նա բերեց նվազագույն աշխատավարձի մասին դրույթը: Հիշեցնենք, որ Բագրատյանի համոզմամբ, միանշանակ հնարավոր է ներկայումս ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 72 հազար դրամ դարձնել: «Այսօր ցանկացած ղեկավար` փոքր, թե մեծ, միշտ ուզում է, որ իր ենթակայության տակ գտնվող աշխատողները շատ գումար ստանան եւ լավ ապրեն: Բայց դա ընդամենը բարի ցանկություն է, որովհետեւ ցանկանալը եւ իրականությունը տարբեր բաներ են: Այսօր ոչ մեկն էլ չի ցանկանում, որ մարդիկ վատ ապրելու պատճառով արտագաղթեն, գնան այս երկրից»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե Հակոբ Հակոբյանի կարծիքով Հրանտ Բագրատյանը կարո՞ղ է հավակնել երկրորդ տեղին: Մեր զրուցակիցը, չցանկացավ գուշակություններով զբաղվել, ասաց, որ դա հայ ժողովուրդը պետք է որոշի. «Մի բան միայն կարող եմ ասել` Հրանտ Բագրատյանն աշխատել է, բոլորն իրեն ճանաչում են, ինչքան տոկոս հավաքի` կլինի իր աշխատանքի արդյունքը: Ես իրեն հաջողություն եմ ցանկանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031