Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նվազ վտանգավոր արարքի համար մարդկանց հնարավոր է չազատազրկեն, միայն ձեռնաշղթա անցկացնեն

Հունվար 11,2013 15:26

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ամփոփեց 2012-ը: Նա նշեց, որ լարված աշխատանքային տարի էր, կարեւոր որոշումներ կայացվեցին, օրինակ՝ ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագրի հաստատումը: Ա. Բաղդասարյանը նաեւ կարեւորեց ահաբեկչության եւ կիբեռահաբեկչության դեմ պայքարի ծրագրի հաստատումը:

Առաջիկայում կձեւավորվի Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որը ձեռնամուխ կլինի ՄԻՊ-ի բարձրացված խնդիրների ուսումնասիրմանը: Ըստ ԱԱԽ քարտուղարի, ՀԱՊԿ-ի հետ Հայաստանը ակտիվ համագործակցության մեջ է:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք սրանից կարելի է եզրակացնել, որ ՄԻՊ-ը առաջ չուներ բավարար լծակներ՝ իր ասածները տեղ հասցնելու համար՝ նա պատասխանեց, որ մեր ՄԻՊ-ը բավականին լավ է աշխատում, համարձակ՝ իր դիրքորոշումներով, իր տեսակետներով, ՀՀ-ում վերջին տարիներին շատ բան է փոխվել:

Հունվարի 28-30-ը նույնպես ՀԱՊԿ-ը կլինի Հայաստանում: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական հարցեր են քննարկվելու. «Ակնկալում ենք, որ այդ եռօրյա հանդիպումների ընթացքում կընդունվեն հետաքրքիր որոշումներ՝ ավելի խորացնելու համագործակցությունը: ՀԱՊԿ-ԵՄ-ՆԱՏՕ ծրագրերը ամբողջությամբ կատարված են: Հատկապես խորացել է համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում: Սկսել է գործել 911 ծառայությունը»:

Ուշագրավ է, որ այս ընթացիկ տարում արդեն Ազգային անվտանգության խորհուրդը մտադիր է քննարկել այլընտրանքային պատիժներ մշակելու ռազմավարությունը. «Դա պրոբացիոն ծառայություն է: Դա պետք է, որ նվազ վտանգավոր արարքների համար մարդկանց չդատապարտեն ազատազրկմամբ: Ֆիլմերում տեսել եք, որ մարդանց ձեռքին անցկացում են շղթաներ, բայց չեն տանում ազատազրկման վայր: Սա հնարավորություն կտա բեռնաթափել նաեւ ուղղիչ աշխատանքային գաղութները»:

Լրագրողները հետաքրքրվեցին արտաքին եւ ներքին մարտահրավերներից. Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Մարտահրավերները շատ են: ՀՀ-ում կատարվում է դրանց ուսումնասիրման լուրջ աշխատանք: Կա հայտնի առածը՝ խաղաղություն ես ուզում՝ միշտ պատերազմի պատրաստվիր: Սա նշանակում է, որ մեր զինված ուժերը, բանակը միշտ պետք է արդիականացվեն: Սպառազինությունների պետական ծրագիր եղավ անցյալ տարի: Դա հնարավորություն է տալիս արտաքին մարտահրավերներին դիմակայել»:

Հարցին, թե Եվրասիական միության հետ համագործակցության մասին ի՞նչ տեսակետ ունի, նա պատասխանեց. «Եվրոպական միության ճանապարհային քարտեզ ունենք: 164 գործողություն պետք է իրականացվեն: Դա ներառում է մարդու իրավունքներից մինչեւ սոցիալ-տնտեսական բարեփոխումները»: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ փաստաթուղթ է ստորագրվել, որտեղ հստակ գրվել է, որ ՌԴ-ն ՀՀ զինված ուժերի հետ միասին ստաձնում է ՀՀ սահմանների պաշտպանությունը,այսինքն՝ Ռուսաստանը եղել եւ մնում է ՀՀ-ի հիմնական ռազմավարական գործընկեր, իսկ համագործակցել պետք է բոլոր կողմերի հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031