Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐԱԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հունվար 11,2013 15:10

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ տասնիններորդ

ԴՐԱԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Եվ Շերենցը նայեց Շիրազին, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Վարպետ Շիրազը բանաստեղծություն չի սիրե, բայց սաղ բանաստեղծներեն լավ կգրե», եւ Շիրազն ապշահար նայեց Շերենցին ու ասաց՝ «էս մարդը շառ է», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «Շիրազը ոչ թե բանաստեղծություն չի սիրում, այլ բանաստեղծներին չի սիրում», եւ Շերենցը միամիտ ժպտալով Արայիկին հարցրեց՝ «էդ նույնը չի՞», եւ Արայիկը պատասխանեց ու ասաց՝ «հեչ նույնը չի», եւ Շերենցը ժպտալով Արայիկին ասաց՝ «հայրիկդ մեր բանաստեղծներին հազար ու մի մազալու անուններ է կպցրել», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «կարա՞ս  էդ անուններից մի քանիսն ասես», եւ Շիրազը սաստող հայացքով նայեց Շերենցին, եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «սեղանի վրա ասելու բաներ չեն», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վարպետն իսկական բանաստեղծներին միշտ էլ  սիրել ու մեծարել ա», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «մի՛ ցրի», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ցրում», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «հիմի էն եզդիների պատմությունը չես պատմելո՞ւ», եւ Շերենցը ժպտալով Արայիկին ասաց՝ «էսքան մարդ օր կխնդրեն, ո՞նց կրնա չպատմի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «Լեննականի բարբառով լավ էլ ճտպտաս գը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հետո էլ ասում ես՝ լեննականցի չեմ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հազար տարի իրանց թատրոնում աշխատել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մեկին օր շան քովը կապես, կամ հաչալ կսովրի, կամ էլ կծել», եւ Ռուբոն ծիծաղելով ավելացրեց՝ «կամ էլ՝ էրկուսը միասին», եւ Շիրազը թարս նայեց Շերենցին ու խիստ տոնով ասաց՝ «խոսքերդ չափավորե, Ազատ տղա», եւ Շերենցը մեղավոր ժպտալով Շիրազին ասաց՝ «կարծեմ դու էլ բնիկ լեննականցի չես, Վարպետ ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարծեմ վանեցու ու մշեցու խառնուրդ ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «ինձի պես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Վարպետի քովն օր կնստիմ, կսկսեմ Լեննականի բարբառով խոսալ», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծնողներս ու պապերս գյումրեցի չեն, բայց Գյումրվա ջուրն եմ խմել ու  օդն եմ շնչել», եւ Շերենցն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ինձի պես», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «նույն օդն եք շնչել ու նույն ջուրն եք խմել, բայց տարբեր ճանապարհներով գնացիք. Շիրազը բանաստեղծ դառավ, դու՝ դերասան», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու  թախծոտ ժպտալով ասաց՝ «Շիրազը բանաստեղծ դառավ, ես՝ ոչ մի բան», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ Շիրազը Գյումրվա ջուրը համ խմել ա,  համ էլ ծախել ա», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «որբանոցի էրեխեք էինք, Ռուբեն ջան. կյանքը կստիպեր», եւ Շերենցն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Վարպետը ոչ մի անգամ ջուր չի ծախել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրեխա վախտ ծախած կըլնի», եւ Շերենցն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էրեխա վախտ էլ չի ծախել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բանաստեղծությունների մեջ գրել ա, որ ծախել ա», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըդիկ գեղարվեստականության համար է գրել», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «քեզ ո՞վ ա ասել», եւ Շերենցը մի քիչ մտածեց, նայեց Շիրազին ու ինքնագոհ  ժպտալով ասաց՝ «Վարպետը», եւ բոլորս  զարմացած նայեցինք Շիրազին, եւ Շիրազը թարս նայեց Շերենցին ու խիստ տոնով ասաց՝ «չեմ ասել, որ աշխարհով մեկ անես» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «հիմի էլ թշնամիներս կտարածեն թե՝ սուտ ու չեղած բաներ կգրեմ», եւ Արայիկը ժպտալով  Շերենցին ասաց՝ «փաստորեն, Շիրազն իրա ստեղծագործական գաղտնիքները մենակ քեզ ա վստահում», եւ Ներսիսյանը ժպտալով խոսեց ու ասաց՝ «բայց, ինչպես տեսնում եք, Շերենցն այդ վստահությունը չարաշահում է», եւ Շիրազը ներողամտորեն  ժպտալով Շերենցին ասաց՝ «էլ քեզ ոչ մի գաղտնիք չեմ վստահի, Ազատ տղա», եւ Շերենցը  մեղավոր ժպտալով Շիրազին ասաց՝ «անկախ ինձանից բերնես դուս թռավ, Վարպետ ջան», եւ Ռուբոն ժպտալով Շիրազին հարցրեց՝ «ա՛յ Վարպետ, որ իրականում ջուր չես ծախել, ինչի՞ ես գրել թե՝ ծախել ես», եւ մինչ Շիրազը Ռուբոյի հարցի  վրա կմտածեր, Շերենցը միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «Նարեկացին էլ կյանքի մեջ ոչ մի մեղք չի գործել, բայց գրել է թե՝ հազար ու մի մեղքեր է գործել», եւ Ռուբոն փռթկացնելով  Շերենցին հարցրեց՝ «Նարեկացին ա՞ քեզ ասել, որ ոչ մի մեղք չի գործել», եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «Ֆրունզն ա ասել», եւ Ռուբոն փռթկացնելով Շերենցին ասաց՝ «փաստորեն, պոեզիայի գիտակ ես, Ազատ տղա», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «Լեննականի թատրոնում մի հատըմ հավատացյալ պահակ ունեինք, ինձի կնստացներ իրա բուդկի մեջ ու ժամերով Նարեկացի կկարդար», եւ  Ներսիսյանը ժպտալով հարցրեց՝ «գրաբա՞ր», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վայ թե էս մեր լեզվով էր», եւ Ներսիսյանն ասաց՝ «Խերանյանի թարգմանությունն է եղել», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «Խերանյանը Ռուբոյի կնոջ պապն ա», եւ Ռուբոն ժպտալով ինձ ասաց՝ «դու էլ իմ ստեղծագործական գաղտնիքներն ե՞ս աշխարհով մեկ անում», եւ Արայիկն ասաց՝ «Ռուբոյի համ աներն ա բանաստեղծ, համ էլ՝ աներոջ աները», եւ Շիրազն ասաց՝ «էրկուսն էլ շնորհքով ու կրթված գրողներ են», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «քո խաթեր ա գովում», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վարպետն իրանց իսկականից ա հարգում», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «որ չհարգեր, իրանց էլ էդ մազալու ածականներից կկպցներ», եւ Շիրազն արհամարհական նայեց Շերենցին ու հարցրեց՝ «էդ պահակն օր «Նարեկը» կկարդար, գոնե լսեի՞ր գը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ես քնեի գը,  զարթնեի գը, ինքը մի գլուխ կարդար գը. ուշադրություն չէր դարձնի՝ քնա՞ծ եմ, թե՝ զարթուն» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Խորոզի պես մեկումեջ քնեի գը», եւ հանկարծ Խորոզը գլուխը բարձրացրեց, նայեց Շիրազին ու հարցրեց՝ «մի հատ իրար հետ ի՞նչ ենք խմում, Վարպետ ջան», եւ մինչ Շիրազը տհաճությամբ կնայեր Խորոզին, վերջինս  նորից գլուխը դրեց սեղանին ու շարունակեց խռմփացնել, եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «մարդու աչքը դուս գա, անունը դուս չգա», եւ Արայիկը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «բա ինչի՞ մինչեւ  հիմա չէիր ասում, որ վանեցու ու մշեցու խառնուրդ ես», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «առիթ չէր էղել», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «մի բան արտասանի՝ լսենք, խառնուրդ ջան», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ կրնա», եւ Ռուբոն Շերենցին ասաց՝ «ի՞նչըղ չես կրնա. հազար տարվա դերասան ես», եւ Շերենցն ամոթխած ժպտալով ասաց՝ «ես ի՞նչ դերասան», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «կեղծ համեստություն ես անում», եւ Ռուբոն Շերենցին հարցրեց՝ «կարող ա՞ մենք էինք «Մենք ենք, մեր սարերի» մեջ խաղում», եւ Արայիկը ծիծաղելով Շերենցին ասաց՝ «էդ ֆիլմի մեջ նույնիսկ Ֆրունզից ես լավ խաղում», եւ Շերենցը մատը շրթունքներին դնելով ասաց՝ «կամաց. էլի կզարթնի ու Վարպետին նեղություն կուտա», եւ Շիրազը զայրացած գոռաց՝ «ղալա՛թ կէնե», եւ Շերենցը թախծոտ  ժպտալով Ռուբոյին ասաց՝ «թատրոնի էդ պահակն արդեն  տասը տարուց ավել է՝  էն աշխարհում է» եւ մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «հիմի ինքը դրախտի մեջ իրեն համար ֆռֆռա գը», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ դրախտում ա», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «եթե պահակ Ավետիքն էլ չպիտի դրախտ ընկնի, էլ դրախտն ո՞ւմ համար է նախատեսված», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու Շերենցին ասաց՝ «դու ավելի շուտ դրախտ կընկնես, քան՝ էդ պահակ Ավետիքը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հոգուդ մեղք կէնես, Ռուբեն տղա» եւ մի քիչ էլ մտածեց ու Ռուբոյին հարցրեց՝ «պահակ Ավետիքն օր դրախտի բաժին չդառնա, էլ վո՞վ պիտի դառնա», եւ Ռուբոն առանց երկարբարակ մտածելու պատասխանեց ու ասաց՝ «դու», եւ Շերենցը փռթկացնելով  ասաց՝ «ես ի՞նչըղ պիտի դրախտ ընկնիմ, ա՛յ Ռուբո», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «դրախտի ճամփեն չգիտե՞ս», եւ Շերենցը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Արայիկը փռթկացնելով Շերենցին ասաց՝ «Ռուբոն ճամփեն կսովորացնի», եւ Շերենցը փռթկացնելով հարցրեց՝ «Ռուբոն դրախտի ճամփեն գիտի՞», եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «դրախտի ճամփեն իրանց գյուղի մեջով ա անցնում», եւ Ռուբոն Շերենցին ասաց՝ «դու առանց որեւէ մեկի օգնության՝ լրիվ ինքնուրույն ես դրախտ գնալու», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  ասաց՝ «ճամփեն օր չգիտեմ, ի՞նչըղ կերթամ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «սամալյոտի պես քյասարով կթռնես ու կերթաս», եւ Արայիկը փռթկացնելով Շերենցին ասաց՝ «Ռուբոյենց Թալինի վրով քյասար կթռնես ու կմտնես դրախտ», եւ Լեւոն Ներսիսյանը, որ մինչ այդ բոլորիս հավասար ծիծաղում էր, հանկարծակի լրջանալով ասաց՝ «ամեն ինչ զավեշտի եք վերածում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չի կարելի ամեն ինչ զավեշտի վերածել», եւ Ռուբոն զարմացած նայեց Ներսիսյանին ու ասաց՝ «ես լրիվ լուրջ եմ ասում, մաեստրո», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ռուբոյին  ու  զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ես լրիվ  լուրջ ասում», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շերենցը հարուր տոկոսով դրախտի թեկնածու ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ռուբոյին ասաց՝ «այդ հարցում քեզ հետ միանգամայն համամիտ եմ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու Շերենցին հարցրեց՝ «կյանքիդ մեջ մեղք գործած կա՞ս», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մեղքը ո՞րն է», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կյանքիդ մեջ որեւէ մեկին վատություն արած կա՞ս», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «հիշողությունս դավաճանե գը, Ռուբեն ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու  մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «քիչըմ օր կենտրոնանամ, կարող է հիշեմ», եւ Ռուբոն փռթկացնելով Շերենցին հարցրեց՝ «ի՞նչը հիշես», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «կրնա պատահի՝ մեկնումեկին վատություն  էրած էղնիմ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին հարցրեց՝ «կյանքիդ մեջ գոնե ճանճ սպանած կա՞ս», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «լիքը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամառներն օր Բոշի թաղի ճանճերը վրա կուտային, հազարներով ջարդեինք գը» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Քաջ Նազարի պես», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «ես որ ռեժիսոր ըլնեի, Քաջ Նազարի դերը քեզ կտայի» եւ մի քիչ էլ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «կարող ա Խաչանյանից էլ լավ խաղայիր», եւ Ներսիսյանը ժպտալով Ռուբոյին ասաց՝ շատ հետաքրքիր  գաղափար է» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Շերենցինը միանգամայն նոր Նազար կլինի», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «մի խոսքով, բոլորդ համաձայն եք, որ Շերենցը լրիվ  դրախտի արժանի ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համաձայնը համաձայն ենք, բայց Շերենցը պիտի երկար ապրի եւ դեռ բազում դերեր պիտի խաղա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պայմանավորվեցինք, որ Քաջ Նազար էլ պիտի խաղա», եւ Շիրազը ժպտալով ասաց՝ «բայց Ազատը մի հատըմ շատ մեծ մեղք է գործել», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մեղք ա գործել», եւ Շիրազը ժպտալով ասաց՝ «էդ թատրոնի պահակն օր Նարեկացի է արտասանել, Ազատը մեկումեջ քնել է», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «ախր տնաշենի Նարեկացին շատ բարդ կգրե» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «Ավետիքն էլ, ճիշտ է, սրբի պես մարդ էր, բայց շատ մոնոտոն կարտասաներ», եւ Արայիկը փռթկացնելով Շերենցին հարցրեց՝ «էդ բառը Ֆրունզից ե՞ս լսել», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ո՞ր բառը», եւ Արայիկը  ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ մոնոտոնը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «հազար տարի է՝ էդ բառը գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ բառն առաջին անգամ Փափազից եմ լսել» եւ մի քիչ էլ մտածեց, խորը շունչ քաշեց ու վերեւ նայելով արտասանեց՝ «իջե՜ք, իջե՜ք երազներ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031