«Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամփաբաժանի առջեւ: Շարունակել վերջին տարիներին վարվող քաղաքականությունը՝ նշանակում է երկիրը հասցնել վերջնական կործանման: Ուստի նոր ճանապարհի ընտրությունը հայրենիքի փրկության միակ հնարավորությունն է: Իսկ նոր ճանապարհով կարող են առաջնորդվել միայն նոր մտածողությամբ նոր իշխանությունները: Այս պահին ստեղծված իրավիճակի եւ առկա իրողությունների պայմաններում մեր համոզմամբ, նոր, մեզ բոլորիս անչափ անհրաժեշտ, ապահով եւ անվտանգ հայրենիքի, ազատ եւ բարեկեցիկ կյանքի, նոր եւ արդար Հայաստանի, որակյալ պետության երաշխավոր կարող է լինել միայն ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, բնականաբար որոշակի ծրագրերի եւ որոշակի թիմի առկայության պայմաններում: Ուստի Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը իր պատրաստակամությունն է հայտնում առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը եւ իր ունեցած հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրա հաղթանակին»,-այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը: Իսկ թե ինչու է ՀԱՍԿ-ը նման որոշում կայացրել՝ Շահվերդյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը հայրենասեր է, լավ կրթություն է ստացել, լավ արժեհամակարգ ունեցող , ազգային խնդիրները լավ պատկերացնող անհատ է: Նրան ժողովուրդը դրական է վերաբերվում:
Շահվերդյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ իրենց՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելով. նախագահի թեկնածուի շանսերը ավելի են մեծանում. «Կարծում եմ բոլորն էլ կուզեին, որ ՀԱՍԿ-ն իրենց սատարի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ