Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Ապրիկյան. «Մարդը կարող է ապրել առավելագույնը 120 տարի»

Հունվար 11,2013 14:55

«1987թ.-ի տվյալներով` ԽՍՀՄ երկրներից կյանքի միջին տեւողության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Հայաստանը` 74, իսկ, օրինակ, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը` համապատասխանաբար 70, 70,1 եւ 70.3: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում կյանքի միջին տեւողությունը նվազեց, իսկ ներկայիս տվյալների մասին դժվար է խոսել, որովհետեւ վիճակագրություն կազմելու հարցում երկրից գաղթածների հետ կապված խնդիրներ են առաջանում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայաստանում ծերաբանության հիմնադիր, պրոֆեսոր Գուրգեն Ապրիկյանը:

Նա պատմեց, որ նույն թվականին Ճապոնիայից Հայաստան է ժամանել գիտնականների խումբ եւ առաջարկել իրենց երկրում զեկույց ընթերցել Հայաստանի երկարակյացների մասին. «Հրավիրեցի նրանց ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտ` ծանոթացնելու մեր աշխատանքներին: Կազմակերպեցինք ընդունելություն` ճապոնացիներին հյուրասիրելով շուրջ 40 տեսակ բանջարեղենից պատրաստված ուտեստներ եւ մածուն: Հյուրերը զարմացան, լուսանկարեցին, եւ հետագայում էլի այցելեցին Հայաստան: Այս անգամ էքսկուրս կազմակերպեցինք Հայաստանի շրջաններ եւ հանդիպեցինք երկարակյացների հետ: Ճապոնացիներին հատկապես հետաքրքրում էին 100 եւ ավելի տարիք ունեցողները:  Հատկանշական է, որ նրանք  պատասխանում էին իրենց ուղղված բոլոր հարցերին, ի տարբերություն Վրաստանի երկարակյացների, որոնց հետ մինչ այդ հանդիպել էին ճապոնացիները: Նրանց ղեկավար պրոֆեսորն ասաց, որ Հայաստանի երկարակյացների առողջական վիճակը բավական լավ է»:

Պրոֆեսորի խոսքով. «Մարդը կարող է ապրել առավելագույնը 120 տարի: Ամենաերկարակյացները ճապոնացիներն են, որոնց կյանքի միջին տեւողությունը կազմում է 82 տարի: Ասում են, թե մարդիկ հիմա քիչ են ապրում, բայց դա այդպես չէ. քարի դարում մարդիկ 18-20 տարի են ապրել:  Հին ժամանակներում էլ կային լավ ու վատ ապրողներ, բայց նրանք կարծում էին, թե Աստված է իրենց այդպիսին ստեղծել: Հիմա մարդիկ գրագետ են եւ հասկանում են, թե, օրինակ, սթրեսները ինչ հետեւանքների կարող են հանգեցնել: Երկարակեցությանը կարող է խոչընդոտել ծխելը, շատ սնունդ օգտագործելը: Ամերիկացի գիտնականները փորձարկման են ենթարկել 1000 գեր կնոջ եւ նրանց երեխաներին: Պարզվել է, որ վերջիններս ծնողների պես կշիռ են հավաքում: Սակայն փորձի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ երեխաները «վերցնովի» են եղել: Այսինքն՝ ավելորդ քաշը մեծ քանակությամբ սնունդ օգտագործելու հետ է կապված: Ինչ վերաբերում է ծխելուն, մակերիկամի արտադրած հատուկ հորմոնները նեղացնում են արյունատար անոթները եւ վատացնում արյան շրջանառությունը»:

Ապրիկյանն անդրադարձավ Հայաստանում Ծերաբանության ինստիտուտ հիմնելու խնդրին եւ ասաց, որ համապատասխան կադրերի պակաս կա:

Պրոֆեսորը խոսեց նաեւ հայկական լոշտակ բույսից , որը նպաստում է երկարակեցությանը:

https://www.youtube.com/watch?v=hhvwzElf54M&feature=youtu.be

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031