Ալավերդի քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Սամվել Օչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պայմանագրային զինծառայող, Դիլիջանի ուսումնական կենտրոնում հավաքի ժամանակ, 2012թ. հոկտեմբերի 27-ի առավոտյան չնչին առիթով՝ իրեն ուտելիք չտրամադրելու հարցի շուրջ վիճաբանել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Գարիկ Մխիթարյանի հետ և ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ և փոխադարձ քաշքշուկի ու հարվածների ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել շարքային Գարիկ Մխիթարյանի մարմնի տարբեր մասերին և նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված պայմանագրային զինծառայող Գարիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրված նույն միջադեպի կապակցությամբ, որ նա փոխադարձ քաշքշուկի և հարվածների ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սամվել Օչինյանի մարմնի տարբեր մասերին և նրա պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Օչինյանի եւ Օթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնական լիազորություններն անցնելը»): Այս հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Սույն գործով դատական առաջին նիստը նշանակված է հունվարի 17-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ