ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների այս ընթացքում թեժ քննարկումների առարկա է դարձել ընտրական գրավի թեման: 15 թեկնածուներից 7-ը այս կամ այն պատճառով չեն վճարել այն: Սակայն նախ պարզենք՝ ինչ է ընտրագրավը:
Ընտրագրավը որոշակի գումար է, որը հնարավոր թեկնածուն (համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում՝ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը) վճարում է հատուկ հաշվեհամարին՝ քվեարկության արդյունքում ձայների որոշակի տոկոս հավաքելու դեպքում այն հետ ստանալու պայմանով: Անվանապես համարվում է, որ դա ամենեւին էլ գույքային ցենզ չէ, այլ պարզապես նպատակ է հետապնդվում զերծ պահելու ընտրական գործընթացը որոշ պատահական թեկնածուներից եւ դրդելու թեկնածուներին լուրջ վերաբերվել գործընթացին: Սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հստակ չէ: Նախագահի ընտրությունների մասով Հայաստանում ընտրագրավը մտցվել է 1996թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին» ՀՀ օրենքով, որով գրավի չափ սահմանվել է 2 մլն ՀՀ դրամը: 1999թ. այն հասցվել է 5 մլն դրամի, 2008-ին՝ 8 մլն դրամի: Հայաստանում, ըստ էության, այն դարձել է գույքային ցենզ, քանի որ երկրի միջին աշխատավարձը կազմել է 114000 դրամ, ինչը, բնականաբար, անհնար է դարձնում մասնակցությունը ՀՀ նախագահի ընտրություններին հանրության լայն խավերի ներկայացուցիչների համար: Սակայն իրականում այն խոչընդոտ է ոչ թե պատահական թեկնածուների, այլ տնտեսական լծակներին տիրապետողների աջակցությունը չվայելող թեկնածուների եւ կուսակցությունների համար: Ավելին, դա հանգեցնում է նրան, որ բարձր ընտրագրավի դեպքում ֆինանսական ռեսուրսը տնօրինող խավը, այն է՝ բուրժուազիան, դրանով լրացուցիչ գործիք է ստանում երկրում իշխանության համար պայքարում իր վճռական խոսքն ասելու համար՝ կազմելով բնակչության շատ փոքր տոկոսը: Այլ կերպ ասած՝ նման դեպքում փոքրամասնությունն իշխում է մեծամասնությանը:
Ստորեւ աղյուսակի ձեւով բերվում է ընտրական գրավի չափը խորհրդարանի կամ դրա ստորին պալատի համար այն երկրներում, որտեղ այն կիրառվում է: Համեմատության կարգով նշեմ, որ ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում թեկնածուի ընտրական գրավը կազմում է 1 մլն դրամ:
Կարդացեք նաև
Այսպիսով, կարող ենք տեսնել, որ այդ դեպքերում ընտրագրավը իրենից գույքային ցենզ չի ներկայացնում եւ մատչելի է պոտենցիալ թեկնածուների համար:
Հետաքրքիր է նաեւ Իռլանդիայի օրինակը՝ գրավը կազմում է 500 եվրո 3011 եվրո միջին աշխատավարձի դեպքում, սակայն կուսակցությունների կամ 30 ընտրողից բաղկացած նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված թեկնածուները ազատվում են դրա վճարումից: Նախկինում նման այլընտրանքի հնարավորություն չէր նախատեսվում, սակայն երկրի Գերագույն դատարանի որոշմամբ գրավի պարտադիր կիրառումը ճանաչվեց հակասահմանադրական եւ անվավեր: Իսկ Ռուսաստանը, որից տեղի-անտեղի սիրում ենք օրինակ վերցնել, 2009թ. այն վերացրել է:
Այդ ամենից բացի, առկա է նաեւ հարցի իրավական կողմը: ՀՀ Սահմանադրության 50 եւ 64 հոդվածներով արդեն իսկ սահմանվում են ՀՀ նախագահի եւ ԱԺ պատգամավորության թեկնածուների համար կիրառվող սահմանափակումները, մինչդեռ ընտրագրավի դրույթի ներառմամբ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանվում են լրացուցիչ սահմանափակումներ: Սահմանադրության 14.1 հոդվածը սահմանում է նաեւ, որ խտրականությունը, կախված մի շարք գործոններից, այդ թվում գույքային վիճակից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է, մինչդեռ ընտրագրավի կիրառման պարագայում մենք բախվում ենք թեկնածուի՝ 8 միլիոն դրամ ունենալու կամ չունենալու խնդրին:
Արդարության հաստատման եւ խտրականության վերացման ժամանակը եկել է: Գուցե ՀՀ Սահմանադրական դատարանը հետեւի՞ իր իռլանդացի գործընկերների օրինակին:
«Առավոտ» օրաթերթ