Հունվարի 12-ին մեկնարկող շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնությանը մասնակցելու է նաեւ մեր անվանի շախմատիստուհիներից մեկը՝ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը: Նա երկու տարի առաջ ամուսնացել է ուկրաինաբնակ Միխայիլ Դավիդյանի հետ եւ տեղափոխվել Խարկով: «Առավոտը» երեկ զրուցեց Սիրանուշի հետ:
– Բարի գալուստ Երեւան: Ընտանեկան գործերն ինչպե՞ս են:
– Շատ լավ: Շնորհակալություն:
– Ամուսինդ, որքան տեղյակ ենք, շախմատի հետ անմիջական առնչություն չունի:
Կարդացեք նաև
– Այո: Բայց նա գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովայի մորաքրոջ տղան է եւ լավ պատկերացնում է թե շախմատը, թե շախմատիստի կյանքը:
– Մեկ որդի ունեք, այդպես չէ՞:
– Այո: Անունը Արոն է: Հետաքրքիր զուգադիպությամբ նրա անունը համընկնում է Լեւոն Արոնյանի ազգանվան առաջին չորս տառերին:
– Հիմա Երեւանում ես եւ մասնակցելու ես Հայաստանի կանանց առաջնությանը: Հատուկ այդ նպատակո՞վ ես եկել:
– Միանշանակ այդպես չէի ասի: Երկու տարի Հայաստանում չէի եղել: Որդիս դեռ փոքր էր եւ նրա հետ Հայաստան գալն այնքան էլ հարմար չէր: Պարզապես, որոշեցինք այս տարի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը Հայաստանում դիմավորել եւ դեկտեմբերի 29-ին եկանք: Ու քանի որ մեր այստեղ գտնվելը համընկավ առաջնության անցկացման օրերին, որոշեցի մասնակցել: Բացի դա, ամուսնուս համար էլ հետաքրքիր էր, թե Հայաստանում Նոր տարին ինչպես են դիմավորում:
– Եվ ի՞նչ:
– Նրա համար շատ հետաքրքիր է, շատ բաներ էլ՝ զարմանալի: Անսովոր է, որ այստեղ մարդիկ Նոր տարին նշում են առատ սեղաններով ու այդքան շատ են միմյանց տուն գնում:
– Ծանրաբեռնվածությանը դիմանո՞ւմ է:
– Այո: Դա իրեն հետաքրքիր է եւ այդ սովորույթը դուր է գալիս:
– Անցնենք շախմատին: Ամուսին, երեխա, ընտանեկան հոգսեր, շախմատ: Դրանք միմյանց չե՞ն խանգարում:
– Ճիշտն ասած, այս ընթացքում շախմատը մի փոքր ետին պլան էր մղվել: Հիմնականում երեխայով էի զբաղվում: Ուկրաինայում շատ թե քիչ լուրջ մրցումների չեմ մասնակցել, սակայն մի քանի թեթեւ բլից մրցաշարերում հանդես եկել եմ՝ մարզավիճակս որոշ չափով պահպանելու համար: Իսկ երբ ազատ ժամանակս ներել է, տանն էլ նստել եմ խաղատախտակի առջեւ եւ փորձել նաեւ տեսական կողմը պահպանել:
– Եվգենյան, որ գրոսմայստեր է եւ ամուսնուդ մորաքրոջ աղջիկը, այդ հարցում քեզ չի՞ օգնել:
– Երբ Ժենյան եկել է մեր տուն, կամ մենք ենք նրան հյուր գնացել, աշխատել ենք գոնե մի քանի բլից պարտիա խաղալ: Դա ինձ, որոշակի մարզավիճակ պահպանել, շատ է օգնել:
– Եվգենյան նույնպես մասնակցելու է Հայաստանի առաջնությանը: Նա ձեզ հե՞տ է եկել:
– Ոչ: Ժենյան Երեւան ժամանելու է վաղը:
– Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի այս տարվա կանանց առաջնության մակարդակը:
– Կարող էր ավելի բարձր լինել, եթե մասնակցեին մեր լավագույն շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան: Որքան գիտեմ, Նելլի Աղինյանն էլ է բացակայելու: Բայց անկախ ամեն ինչից, մեր առաջնությունը շատ դժվար է: Մասնավորապես, ես երբեք հեշտ հաղթանակներ չեմ տարել:
– Դու Հայաստանից մեկնեցիր չեմպիոնի կարգավիճակով: Հիմա քո հնարավորություններն ինչպե՞ս ես գնահատում:
– Պայքարը ցույց կտա, թեեւ երկու տարի առաջվա մարզավիճակում չեմ:
– Շնորհակալություն զրույցի համար: Քեզ հաղթական պարտիաներ եմ ցանկանում:
– Ես էլ եմ շնորհակալ: Կանեմ՝ ինչ կարող եմ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ