Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչումը կոնֆետ չէ

Հունվար 11,2013 14:25

Ըստ ճանաչված արվեստագետների՝ այն պետք է շնորհվի արժանավորներին

Ամանորյա սեղանների շուրջ, ինչպես փաստում են «Առավոտի» հետ զրուցած արվեստագետները, շնորհավորանք-բարեմաղթանքից հետո քննարկման նյութ է դառնում  կոչումների շնորհման հարցը: 1980-ական թվականներից սկսած ընթանում էր բանավեճ՝ արդյոք պե՞տք են պատվավոր կոչումները, որոնք, ըստ էության, ավելի շատ առաջ են բերում զայրույթ, համեմատություններ, այդպես էլ չառանձնացնելով արվեստագետի ճշմարիտ վաստակը: Ասվում էր նաեւ, թե Արեւմուտքում արվեստագետներին շնորհվող պարգեւների օրինակով մեզանում էլ թող գործի միայն պետական եւ նախագահի մրցանակների ու տարբեր շքանշանների ինստիտուտը: Երբ 1990-ականներին կոչումներ չէին շնորհվում, արվեստի աշխարհում կարծես կրքերը հանդարտվեցին: Օրինակ, թատրոնների պարագայում, համաձայն ՀՀ վարչապետի 1996թ. նոյեմբերի թիվ 63 որոշման, բեմի վարպետի աշխատավարձը սահմանվել էր 4500-11000 դրամ՝ բացառությամբ Ազգային օպերային թատրոնի, որտեղ սահմանվել էր 4590-15500:

2003թ. պատվավոր կոչումները վերականգնելուց հետո,  դարձյալ կրքերը թեժացան, եւ նորից խոսվում է կոչումների շնորհման աննպատակահարմարության մասին, շեշտելով, թե դրանք տրվում են հաճախ նաեւ վաստակ չունեցողներին եւ մեր օրերում, ասենք, վաստակավոր արտիստի աշխատավարձի չափը կախված է մշակութային օջախի տնօրենի հայեցողությունից:

Կոչումներ շնորհելու-չշնորհելու առիթով մենք հարցախույզ անցկացրինք հանրահայտ այն արտիստների շրջանում, ովքեր վաղուց արժանացել են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա պարգեւների:

Կինովավերագրող Հարություն Խաչատրյանը, ով Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Մշակույթի եւ գրականության ասպետի» կոչման, Հոլանդիայի թագավորի եւ թագուհու՝ «Արքայազն Քլաուսի» մրցանակակիր է, հայտնեց, թե այդ մասին ինքը երբեք չի մտածել եւ հպարտացել է հայրենի իշխանությունների կողմից կոչման արժանանալով, հետո էլ հավելեց. «Եթե կգտնվի գոնե մեկ արվեստագետ, ով կբարձրաձայնի, թե իբր  անտարբեր է դրա նկատմամբ, միանշանակ պետք չէ հավատալ: Կինեմատոգրաֆում կոչումները ֆինանսական բարեկեցություն չեն ապահովում, դա սիմվոլիկ է: Ինչ վերաբերում է բեմի մարդկանց, ապա կարծում եմ, որ, օրինակ, եթե մեկն արժանանա բեմի վարպետի կոչման, իսկ մյուսը, նույնիսկ արժանավորը, դա ստանա, ասենք, ամիսներ հետո, այս դեպքում նույնպես խոսակցություններ կլինեն: Կարճ ասած՝ կոչումներ շնորհելիս անհրաժեշտ է խստագույնս ուսումնասիրել ու վերլուծել արվեստագետի վաստակը»:

Դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը գտնում է, որ մշակույթի ոլորտում այլ կարեւոր խնդիրներ կան եւ չարժե կոչումներ շնորհելը դարձնել առաջնային հարց. «Աշխարհը այդ հարցում կողմնորոշվել է՝ իր արժանավորներին շնորհելով պարգեւներ, Հայաստանը՝ նույնպես, պարզապես անվանումներն են տարբեր»:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հայտնեց. «Ավանդույթ է կոչումների շնորհման ինստիտուտը: Ուրիշ հարց է, որ դրանք տրվեն արժանիներին: Մյուս կողմից՝ դժվար է ասել, թե ի՜նչ կոչման էր արժանի, օրինակ՝ Հովհաննես Թումանյանը… Հավաստիացնում եմ, որ ազնիվ, արարող արվեստագետը կոչումներից ու շքանշաններից որեւէ ֆինանսական ակնկալիք չունի: Պարզապես պետք է կոչումների շնորհման ինստիտուտի պատասխանատուները թացը չորից կարողանան առանձնացնել»:

Օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հավաստմամբ. «Ինչպես ամեն ինչում, այստեղ էլ պետք է չափի զգացումը չկորցնել եւ պետական պարգեւը վերջին տարիներին կոնֆետի նման չհրամցնել ռեստորանի երգչին. չէ՞ որ դա վիրավորական է վաստակ ունեցող արտիստների համար: Վաղը կամ մյուս օրը, եթե նույնիսկ պարգեւների անունը փոխվի, թող քաղաքակիրթ երկրների օրինակով դրանք կրեն արվեստում վաստակ ունեցողները»:

Բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանն էլ, ասաց՝ պետք է յուրաքանչյուր մշակութային հիմնարկի ղեկավար իր նման հետեւողական լինի պարգեւների շնորհման հարցում՝ վերեւներին ներկայացնելով հանդիսականի կողմից սիրված ու գնահատված արվեստագետին. «Նման աշխատաոճը պարտադիր է, մանավանդ որ չգիտենք, թե պետական պարգեւներ շնորհող հանձնաժողովում ովքեր են ընդգրկված»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031