Այս տարի հանրապետությունում արդեն գրանցվել է թունավորման
29 դեպք, որոնցից 8-ը ալկոհոլային թունավորման դեպքեր են,7-ը` դեղորայքային, իսկ մյուս 7-ը` շմոլ գազից:
Նախորդ տարի գրանցված ալկոհոլային թունավորման երկու դեպքերը մահվան ելք են ունեցել: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Գլխավոր թունաբանի կարծիքով` ալկոհոլային թունավորումների դեպքերը տարեցտարի ավելանում են, եւ թունավորվածների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ երիտասարդները:
Կարդացեք նաև
«Հիմնականում գրանցվում են դեղորայքի, ալկոհոլի եւ գազից թունավորման դեպքեր: 2011 թվականին հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 209 դեպք, անցած տարի` 300 դեպք` հիվանդների 904 քանակով»,- ասաց պարոն Գաբրիելյանը` նկատելով, որ ալկոհոլային թունավորումից տուժում են հատկապես
անօթեւան անձինք:
Խոսելով դեղորայքային թունավորման դեպքերի մասին՝ գլխավոր թունաբանը նշեց, որ դեղորայքային թունավորումները ամենեւին էլ կապ չունեն անորակ դեղորայքի հետ, ավելի շատ թունավորվում են ընդունվող դեղորայքի քանակը չարաշահելուց:
Միքայել Գաբրիելյանի հավաստմամբ` այս տարի սնկից թունավորման դեպքեր դեռ չեն գրանցվել:
Աշոտ ԱԹԱՅԱՆ