«Կրթական ծրագիրը գործում է արդեն 3 տարի, կայքը ծառայում է իր առաքելությանն ու նպատակին՝ ավելի զարգացնել ՀՀ կրթական ոլորտը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Dasaran.am» ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը ներկայացրեց Dasaran.am կայքում տեղ գտած «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը:
Բանախոսի պնդմամբ, այսօր նրանք հանդես են գալիս նոր կայքով, նոր հնարավորություններով եւ ծրագրերով.
«Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում 502 դպրոց` այս պահին ունենալով ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ, 502 ուսուցիչներ եւ 20.256 աշակերտներ: 2012թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 այցելություն եւ 42.271.801 էջադրում»:
Հատուկ ապագա ուսանողների համար պատրաստված «Դիմորդի անկյուն»-ը թույլ է տալիս մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաեւ ուսման վարձերի չափին:
Կարդացեք նաև
Բաժնում ներկայացված են նաեւ առարկայական ուղեցույց եւ ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը եւ առարկայական ուղեցույցները:
«Դիմորդի անկյան» շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին եւ որոշումներին, օգտվել մասնագիտական ուղեցույցից եւ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գագիկ Մելիքյանի համոզմամբ, կայքը ահռելի օգնություն է ցույց տալիս. ծնողը, երեխան իրեն հուզող կրթական ցանկացած տեղեկություն կարող է գտնել կայքում:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն էլ կարծում է, որ կայքի շնորհիվ բարձրացվում է կրթական որակն ու մատչելիությունը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ