Բաց նամակ՝ ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին
Մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, մենք՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երեւան-Երասխավան ուղեւորագնացքի մշտական ուղեւորներս, խնդրում ենք Ձեր միջամտությունը մեզ համար պատուհաս դարձած խնդրում:
Բանն այն է, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին մենք տեղեկացանք, որ ուղեւորագնացքի սակագնային պլանը փոփոխությունների է ենթարկվելու 2013թ. հունվարի 1-ից: Մշտական ուղեւորներս խուճապի մատնվեցինք. սպասվող փոփոխությունն իրականում կարելի էր որակել որպես թանկացում. մեզանից շատերի համար ուղեւորագնացքի տոմսերը կրկնակի էր թանկացվում. եթե նախկինում Երեւանից Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի ուղեւորից գանձվում էր 350 դրամ տոմսի արժեք, հիմա, ըստ սպասվող փոփոխության՝ նույն տոմսի արժեքը պետք է դառնար 600 դրամ, նույն կերպ թանկացել է Սուրենավան, Արմաշ, Երասխավան գյուղեր գնացող ուղեւորների տոմսի արժեքը, Արտաշատ քաղաքի ուղեւորները կրում են թանկացման ավելի փոքր հարված, նախկինում 200 դրամի փոխարեն պետք է վճարեն 300 դրամ: Պետք է նշել, որ մեզանից շատերը ուսանողներ եւ Երեւան քաղաքում աշխատողներ են, մեզ համար մինչ այժմ ամենահարմար երթուղին եղել է Երեւան-Երասխավան ուղեւորագնացքը. նախ՝ փոխադրամիջոցի մեկնման ժամերն են հարմար եւ ամենակարեւորը՝ սա միակ փոխադրամիջոցն է, որը աշխատանքային ժամի ավարտից հետո՝ ժամը 19-ին, սպասարկում է Արարատ գյուղի եւ Երասխավանի միջեւ ընկած բնակավայրերի ուղեւորներին:
Մեզ համար խնդրի լուծումն այնքան կարեւոր էր, որ ժամանակ չկորցնելով՝ դիմեցինք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վարչական մասին, այնտեղ պարզաբանեցին, որ ընկերությունն իր ֆինանսական խնդիրները լուծելու համար է դիմել այս քայլին, հետո առաջարկեցին իրենց նոր սահմանած աբոնենտային վճարներից օգտվել, որը ուսումնասիրելուց հետո էլ հասկանում ես, որ իրենց սահմանած գները ոչ մի կերպ չեն տեղավորվում մարզից ամեն օր Երեւան եկող ուսանողի «նյութական զամբյուղում», նույնիսկ միջին եկամուտ ունեցող Երեւանում աշխատող ուղեւորը պատրաստ չէ օրական 1200 դրամ վճարել՝ միայն այդ երթուղուց օգտվելու համար:
Ամենազավեշտալին եւ մեծ ցավը մեզ հետ հանդիպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պարզաբանումն էր, թե միգուցե քննարկվի ուղեւորագնացքի շահագործման դադարեցման հարցը, քանի որ այն եկամտաբեր չէ «Հարավկովկասյան երկաթուղի» ռուսական ընկերությանը: Մենք ամեն դեպքում մեր խնդրանքը նաեւ նամակի տեսքով փորձեցինք փոխանցել ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ երկխոսության, հարցը մեզ հետ քննարկելու առաջարկով, բայց նամակը մնաց անպատասխան, իսկ տոներից հետո մեզ սպասեց վատագույն նվերը. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընդունած որոշումն այլեւս իրականություն է:
Մեծարգո նահագահ եւ վարչապետ, մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մեծ հույսով ու հավատով ենք դիմում ձեզ, հուսով ենք, որ գոնե Դուք կուսումնասիրեք խնդիրը, կմիջամտեք եւ այս հարցի արդարացի լուծումը կտաք: Գուցե այդպես Հայաստանում իր գործունեությունը ծավալող ռուսական ընկերությունը փոխզիջումների գնա, ետ կկագնի իր որոշումից եւ կվերականգնի ուղեւորափոխադրումների իր նախկին սակագնային պլանը:
Երեւան-Երասխավան ուղեւորագնացքի
մշտական ուղեւորներ
Նամակի ներքեւում ստորագրում է Երեւան-Երասխավան ուղեւորագնացքի 141 մշտական ուղեւոր: Նշենք նաեւ, որ խնդրի մասին անդրադարձ կա «Առավոտ» օրաթերթի դեկտեմբերի 8-ի («Երեւան-Երասխավան գնացքի տոմսը կրկնակի ավելացել է»), դեկտեմբերի 12-ի համարներում («Հարավկովկասյան երկաթուղի. Եթե ուղեւորների բողոքները մեզ հասնեն, մենք անպայման կքննարկենք հարցը»):
«Առավոտ» օրաթերթ