Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են դեռահասները գնում սայտոտեկ դեղը

Հունվար 11,2013 13:52

Հղիության առաջին 28 շաբաթների ընթացքում (7 մանկաբարձական ամիս) ընդհատված հղիությունը կոչվում է վիժում։ 28-ից մինչեւ 38 շաբաթը հղիության ընդհատումը կոչվում է վաղաժամ ծննդաբերություն։ Արհեստականորեն ընդհատված հղիությունը (արհեստածին վիժումը) երբեմն կատարվում է նաեւ բժշկական ցուցումների համաձայն, երբ կինը հիվանդ է այս կամ այն հիվանդությամբ, ու հղիության ավարտը լավ բան չի գուշակում։ Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը մեծ վերակառուցումների է ենթարկվում, որոշ հորմոնների քանակ կտրուկ աճում է, որոշներինը՝ նվազում։ Փոփոխվում է կնոջ արգանդը՝ պատրաստվելով կրելու պտուղը։ Արհեստածին կամ բնական վիժման ժամանակ խիստ տուժում են «հորմոնակախյալ» օրգանները։ Հղիության արհեստական ընդհատման ժամանակ արգանդը մեծ տրավմայի է ենթարկվում, այն դառնում է խիստ խոցելի մակերես, քանի որ աբորտի ժամանակ հաճախ կատարվում է արգանդի պատերի քերում, որն էլ այդ հատվածում հեշտացնում է պաթոգեն միկրոֆլորայի ներխուժումը։ Բացի դրանից, արհեստական ընդհատումը հաճախ հանգեցնում է բորբոքային պրոցեսների, որն անդրադառնում է հետագա հղիությունների վրա։ Աբորտի ժամանակ հնարավոր է արգանդի վզիկի պատռվածք, որն էլ կարող է հետագայում բերել հղիության բնածին վիժումների։ Կանայք, որոնք արհեստականորեն ընդհատել են հղիությունը, ավելի «հակված» են գինեկոլոգիական հիվանդություններին ու նաեւ նրանց մոտ կարող է զարգանալ անպտղություն։ Բացի այդ, կինը, հղիության արհեստական ընդհատման ժամանակ, մեծագույն սթրես է ապրում, դառնում է ավելի նյարդային, դյուրաբորբոք։ Այն հարցին, թե ինչ բարդություններ կարող է առաջացնել վտանգավոր հղիության 3 շաբաթական սաղմի արգանդից արհեստական հեռացումը՝ Ավանի ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի գինեկոլոգ Նելլի Սերգեյեւնան ասաց. «Հղիության արհեստական ընդհատումից հետո՝ մոտ 1-1.5 ամիս է անհրաժեշտ լիովին ապաքինման եւ արգանդի մակերեսի վերականգնման համար։ Այդ ընթացքում ցանկալի է բացառել սեռական կյանքը, քանի որ այդ ընթացքում հնարավոր է հեշտությամբ ինֆեկցիաների ձեռքբերում։ Այս դեպքում հղիանալ խորհուրդ է տրվում մեկ ամսից հետո, քանի որ հնարավոր են բարդացումներ։ Պտղի վակուումային հեռացմամբ բարդություններ կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ կինն իրեն կմրսեցնի: Այլ վտանգ իրենից չի կարող ներկայացնել միայն այն պատճառով, եթե պտուղը շատ փոքր է եւ այն հեռացնելու համար անհրաժեշտություն չի եղել քերել արգանդի պատերը: Այդ ժամանակահատվածում շատ կարեւոր է, որ կինն իրեն չմրսեցնի»:

Վերջին ժամանակներում մեծ տարածում գտած սայտոտեկ դեղորայքը, որը նախատեսված է ստամոքսի խոց ունեցող մարդկանց համար, հայ կանանց կողմից գործածվում է որպես հղիությունից ազատվելու միջոց: Քանի որ այդ դեղորայքն ունի մեծ ազդեցություն եւ առաջացնում է արգանդի պատերի կծկում, այդ իսկ պատճառով այն նպաստում է նաեւ արհեստական վիժման: Հարկ ենք համարում նշել, որ այդ գործընթացին գնում են այն կանայք, ովքեր այս կամ այն պատճառներով ստիպված են ընդհատել հղիությունը: Որպես նախապայման՝ հղիությունն ընդհատելը մեղք է, սակայն լինում են դեպքեր, երբ դրա անհրաժեշտությունը կա: Ըստ բժշկի տված խորհրդատվության՝ հիմնականում անհրաժեշտ են համարում այն հղիությունների ընդհատումը, որոնք կարող են առողջական մեծ վնաս պատճառել մորը կամ երեխան կարող է ծնվել թերի զարգացած ֆիզիկական կառուցվածքով: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ մեր զրուցակիցը պատմեց, որ ստիպված է եղել սայտոտեկ դեղորայքը կիրառել. «Ես ստիպված էի խմել այդ դեղորայքը, քանի որ իմ հղիությունը ոչ թե ցանկալի չէր, այլ, պարզապես, չէի հասկացել, որ հղի եմ եւ առողջական խնդիրներից ելնելով՝ սրսկվել էի: Այդուհետեւ ես պարզեցի, որ հղի եմ: Մի պահ ես ուրախացա, այդուհետեւ զանգահարեցի ծանոթ գինեկոլոգիս եւ պատմեցի, որ հղի եմ ու շտապեցի ավելացնեմ՝ սրսկումներ եմ ունեցել առողջական վիճակից ելնելով: Գինեկոլոգն ասաց, որ այդ հղիությունը պետք է ընդհատվի, քանի որ սրսկված դեղորայքը կարող է ազդել երեխայիս վրա»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Առավոտին» մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժին եւ այնտեղ բժշկական օգնություն ստանալու դիմաց չկարողանալով իրենց պահանջած գումարը վճարել, թողել եւ գնացել է տուն: Առաջին գործողությունը, որ մեր զրուցակիցն արել է, շտապել է մտնել դեղատուն եւ գնել սայտոտեկի 3 կոճակ, որպեսզի տնային պայմաններում կարողանա ընդհատել վտանգավոր հղիությունը: Գործողությունը հասել է նրան, որ սայտոտեկն առաջացրել է արգանդի պատերի կծկում եւ սկսել է անցանկալի մեծ քանակությամբ արյունահոսություն: Այդ ամենի միջով անցնելուց հետո, միեւնույն է, չի հասել ցանկալի արդյունքի՝ պտուղը մնացել է արգանդում: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Առավոտը» պարզեց, թե որքան են պահանջում վտանգավոր հղիության արհեստական ընդատման համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի ընդունարանում պատասխանեցին, որ վակուումային սարքավորման միջոցով հղիության ընդհատումն արժե 40. 000 դրամ՝ ներառյալ ցավազրկումը, իսկ 35. 000 դրամ՝ առանց ցավազրկման: Ահա դա է եղել պատճառը, որ սոցիալական ծանր պայմաններում վտանգավոր հղիությունը ստիպված ընդհատող մեր զրուցակիցը նախընտրել է գնել սայտոտեկի 3 կոճակ եւ տնային պայմաններում փորձել մատչելի գնով ազատվել հղիությունից: Նշենք, որ սայտոտեկի մեկ կոճակն արժե 2.00 դրամ: Սայտոտեկի խիստ վտանգավոր ազդեցությունից ուժասպառ եղած մեր զրուցակիցը դիմել է տարբեր գինեկոլոգների եւ միայն Ավանի ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում նա կարողացավ գտնել որոշակի մատչելի պայմանով ծննդաբերության ընդհատումը: Այդտեղ վակուումային սարքավորման միջոցով վտանգավոր հղիությունից ազատվելու համար նա վճարեց միայն 22. 000 դրամ, մինչդեռ այդ գումարի կրկնապատիկը պետք է վճարեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այն էլ այն դեպքում, երբ նա գտնվում է սոցիալական անապահով վիճակում: Մի քանի դեղատներից  պարզեցինք, որ սայտոտեկ դեղորայքի գերվաճառք է գրանցվել, եւ դա հիմնականում գնում են դեռահաս տարիքի աղջիկները: Հավելենք, որ այդ դեղորայքը, որը նախատեսված չէ հղիությունից ազատվելու համար, բազում խնդիրներ է առաջացնում՝ անգամ մինչեւ մայրանալու իրավունքից զրկվելը: Դեղորայքը շատ ավելի վտանգավոր է, սակայն շատ մարդիկ, ովքեր անցանկալի հղիությունից ազատվելու համար չեն կարողանում գումար ձեռք բերել, այդ իսկ պատճառով գործողությունը կատարում են տնային պայմաններում, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել նաեւ մահվան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ սայտոտեկ դեղորայքը վաճառվում է առանց դեղատոմսի, եւ այն ձեռք են բերում ցանկացած տարիքի կանայք եւ աղջիկներ: Անհրաժեշտ է վերահսկողություն, որպեսզի սայտոտեկն ընկալվի ոչ թե տնային պայմաններում հղիությունից ազատվելու մատչելի միջոց, այլ որպես մեծ քանակությամբ դոզա ունեցող հաբ, որի հետեւանքները կարող են անշտկելի լինել:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատրաստ ենք լսելու մասնագետներին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031