Համոզված են Դալմայի հողօգտագործողները, քանի որ հասկացել են, որ չինովնիկներն արհամարհում են Սերժ Սարգսյանի հորդորները:
Դալմայի այգիների տարածքում վաղո՜ւց հսկայական շինություններ են կառուցվել ու կառուցվում, սակայն Դալմայի նախկին հողօգտագործողները հույսները չեն կտրում, որ իրենցից վերցրած հողատարածքների համար փոխհատուցում կստանան: Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած բնակիչներից մեկը՝ Անդրանիկ Վիրաբյանը, հույս հայտնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գուցեեւ հանգամանորեն տեղյակ չէ հողօգտագործողների խնդրին, եւս մեկ անգամ նամակով դիմեց նախագահին: Անդրանիկ Վիրաբյանի խոսքերով. «Մեծարգո պարոն նախագահ, դիմելով Ձեզ՝ կրկին տեղեկացնում եմ, որ մեզ՝ Դալմայի հողագործներիս, խիստ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը մեր արհամարհված իրավունքներին զորավիգ լինելու, մեր խնդրանքներն ու հիմնահարցերը Ձեզ հասու դարձնելու համար եւ արդարացի լուծում տալու գործում, քանի որ Դուք եք հանդիսանում մեր սահմանադրական իրավունքների «գարանտը»։ Հիշեցնում ենք, որ Դալմայի հողօգտագործների տառապանքները սկսվել են 1991 թվականին, երբ կառավարության թույլտվությամբ Շահումյանի շրջգործկոմի հետկոլխոզային անմշակ հողատարածքները վարձակալությամբ տրամադրվեց նախկին այգեգործներին ու արդար քրտինքով ապրելուն հակված տարեց երեւանցիներին։ Արդյունքում քաղաքի անապատացող տարածքներից մեկը վերածնվում ու կանաչապատվում էր մինչեւ 2003թ., երբ Երեւանը վերածնվեց ու սկիզբ առավ հողից փող սարքելու Հողային օրենսգրքի, բարեխիղճ վարձակալներիս իրավունքները երաշխավորող՝ ավելի քան 7 հոդվածները։ Այդ տարօրինակությունների դեմ բողոքների ու պայքարի ընթացքում ՀՀ Կառավարության շենքի առաջ ինքնասպանության փորձեր են կատարվել, որոնք կանխվել են իրավապահների ջանքերով, իսկ իրենց մահկանացուն կնքած տարեց վարձակալները տասնյակ տարիների աշխատանքով չկարողացան ապահովել նույնիսկ իրենց թաղման ծախսերը։ Վերջին երկու տարիների մեր խնդրանքները՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին, որպես կանոն, հայտնվում են մեր նկատմամբ անօրինականություններ իրականացնող հեղինակների մոտ, որտեղից մեզ մատուցվում էին նույն պարզունակ հուշաթղթիկից թխված խնդրո առարկան շրջանցող, միօրինակ պատասխանները։ Միայն Ձեր խորհուրդների ու պահանջի շնորհիվ «չինովնիկները» փորձում են ապահովել օրինականությունն ու արդարացի փոխհատուցման գործընթացները, որոնք իբրեւ վերահսկվում են ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Հովհաննես Հովսեփյանի ու նրա ենթակա բաժնի պետ Աիդա Ասատրյանի կողմից։ Անհասկանալի կերպով են իրականացվում փոխհատուցման գործողությունները, այդ իսկ պատճառով Ձեզ ենք դիմում:
Մենք հակված ենք մտածելու, որ կան ինչ-որ ուժեր, որոնք Ձեզնից «հզոր են», քանի որ անկատար են թողնում Ձեր հանձնարարությունները, հրահանգները, հրամայականները, անտեսում նաեւ հորդորները։ Պնդում եմ նորից եւ նորից, որ այդպիսի կամայական ու տարբերակված մոտեցումները խախտում են ՀՀ քաղաքացիների հավատը կառավարող բարձրագույն ատյանների նկատմամբ, իսկ այդ հավատը հույժ կարեւոր բաղադրիչ է երկրի անվտանգության ու պաշտպանության, ինչու չէ՝ նաեւ ներքին համերաշխության ու համախմբման գործերով։
Երեւանի քաղաքապետարանի իրավաբան Դավիթ Ազիզյանը սկզբում առաջարկել էր մեկ քառակուսի մետրի համար 5 դոլար, քանի որ ես հրաժարվել եմ նշված առաջարկից, անմիջապես նույն պահին առաջարկեց 7 դոլարին համարժեք դրամ՝ չխորհրդակցելով նույնիսկ նոր սեփականատերերի հետ, որոնք են վճարելու իրավասության տերերը։ Իմ պահանջին, որ ցանկանում եմ հանդիպել հողիս սեփականատերեր Գաստելլո Մկրտչյանին եւ Մարինե Ղանդիլյանին, ոչ ոք չընդառաջեց: Այս գործում խառնված պաշտոնյա բյուրոկրատ այրերն իրենց վարմունքով ու պահվածքով անում են ամեն հնարավորը, որպեսզի Ձեր հավատարիմների շարքերը նվազեն՝ անտեսելով Ձեր արդարացի կոչերը, հորդորները եւ պահանջները։
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ Ձեր արդար եւ իրավաչափ ձեռնարկված միջոցները կնպաստեն արծարծված հարցի լուծմանը եւ դառը հիշողություններ կպարգեւեն թերացողներին»։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ