Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնում անցած տարվա վերջին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որը ցնցեց ողջ իրավապահ համակարգը:
Հանցագործի և թմրամոլի հարուստ կենսագրություն ունեցող ոմն Ռուբեն Հովսեփյանը, որը 28 տարին դեռ չբոլորած, արդեն հասցրել է դատապարտվել յոթ անգամ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, ցուցմունք է տվել, ըստ որի իբր նրան ծեծել են բաժին բերելիս: Այդ ցուցմունքի արդյունքում Հայաստանի ոստիկանության Երևանի վարչության Կենտրոն բաժանմունքի երկու օպերլիազորների՝ Խաչիկ Բախբուդարյանին եւ Արտակ Բարսեղյանին ձերբակալել են:
Մեզ հասած տեղեկության համաձայն Ռ. Հովսեփյանը ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել բնակարանային գողություն կատարելու կասկածանքով և բաժնում պատմել է Երևան քաղաքում իր կողմից կատարված բնակարանային գողության ութ դեպքերի մասին:
Ի դեպ, բերման ենթարկելուց հետո, ոստիկանության բաժնի կողմից մարդու իրավունքների գրասենյակից հրավիրվել են երեք ներկայացուցիչներ, որոնց մոտ Ռ. Հեվսեփյանը պնդել է, որ ամեն ինչ կարգին է, իրեն չեն խոշտանգել և որ իր կողմից նշված բնակարանային գողության դեպքերը կատարել է ինքը, իսկ հետագայում պնդել է, իբր նրան ծեծել են կենտրոնականի բաժին բերելիս:
Կարդացեք նաև
Սակայն բաժին բերման ենթարկվելուց մեկ ժամ առաջ, Ռ. Հովսեփյանն իր ընկերների հետ, թմրանյութի և ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են, որի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք: Այս ամենը նկարահանվել է, (տես` այստեղ), ոստիկանության աշխատակիցներն իրենց ցուցմունքներով պնդում են, որ Ռ.Հովսեփյանը մարմնական վնասվածքներն ստացել է հենց իր ընկերների հետ վիճաբանության ժամանակ, սակայն քննչական խումբը արժանահավատ չի համարում պետությունը ներկայացնող ոստիկանության մեկ տասնյակից ավել աշխատակիցների ցուցմունքները, այլ հաշվի է առնում յոթ անգամ գողության համար դատապարտված թմրամոլ հանցագործի կողմից տրված ցուցմունքը:
Կենտրոնի բաժանմունքի օպերլիազոր՝ Խաչիկ Բախբուդարյանը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի փոխնախագահն է: Նրա ակտիվ աշխատանքի շնորհիվ վերջին երկու տարիներին ձյուդոյի առաջնություններն ու մրցաշարերն անցկացվում են ավելի բարձր մակարդակով, որի համար բազմիցս արժանացել է շնորհակալագրերի:
Խաչիկ Բախբուդարյանը մշտապես առանձնացել է մարդկային բարձր որակներով, հարգալից վերաբերմունքով շրջապատի նկատմամբ, կոռեկտ վարվելակերպով, ուշադրությամբ, հոգատարությամբ, զուսպ և հավասարակշիռ բնավորությամբ:
Խաչիկ Բախբուդարյանը եղել է ՀՀ առաջնությունների հաղթող, մրցանակակիր, երկար տարիներ ՀՀ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և բարձր պահել հայրենիքի սպորտային պատիվը, մի քանի անգամ դարձել է ոստիկանության համակարգի աշխատողների ձյուդոյի առաջնության հաղթող:
Ինչքանո՞վ է իրավաչափ կատարված քննությունը, կա՞ արդյոք նշված գործում անձնական դրդապաճառ և ո՞վ է կանգնած թմրամոլ հանցագործի թիկունքում, ինչո՞ւ է արատավորվում ոստիկանի բարի համբավը:
Խնդրում ենք մեկ անգամ ևս բոլորս միասին փորձենք գտնել այս բազմաթիվ «ինչուների» պատասխանները և թույլ չտանք, որ ոստիկանի անունն ու արժանապատվությունը նվաստացնող արատավոր այս երևույթը դառնա նախադեպ: