Լրահոս
Օրվա լրահոսը

Պոզիտիվ վերաբերմունք

Հունվար 11,2013 13:02

Ընկերներիցս մեկը խնդրեց ինձ արտահայտել իմ պոզիտիվ, ոչ սարկաստիկ վերաբերմունքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, ասել, թե ինչպես պետք է վարվեն քաղաքական գործիչները եւ քաղաքացիները ստեղծված իրավիճակում: Միանգամից ասեմ, որ երբեք ոչ մեկին (այդ թվում՝ իմ երեխաներին) չեմ ասել, թե «ինչպես է պետք» վարվել: Ի տարբերություն բոլոր տեսակի բոլշեւիկների եւ հավատաքննիչների՝ ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել՝ արեք այնպես, ինչպես ես ուզում եմ, հակառակ դեպքում ես փիս-փիս բառեր կասեմ ձեր հասցեին: Ես կարող եմ ասել միայն, թե ինչպես եմ ես վարվում, ինչպես եմ գնահատում իրավիճակը՝ ամենեւին չպնդելով, որ իմ վարքը «էտալոնային է», եւ բոլորը պետք է հետեւեն իմ օրինակին:

Նախ ասեմ, որ ես, որպես քաղաքացի, միշտ մասնակցել եմ նախագահական ընտրություններին: 91-ին ձայնս տվել եմ Պարույր Հայրիկյանին, 96-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 98-ին երկու փուլերում քվեարկել եմ բոլորի դեմ, 2003-ին երկու փուլերում ձայնս տվել եմ Ստեփան Դեմիրճյանին, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո չեմ թաքցրել իմ անձնական համակրանքները, ուրիշ հարց, որ որպես լրագրող եւ խմբագիր աշխատում եմ տալ հավասարակշռված տեղեկատվություն: Այժմ ես տատանվում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ, դեռ պիտի ծանոթանամ այդ թեկնածուների ծրագրերին: Կարծում եմ՝ ոչ ոք չի հերքի, որ այժմ ընդդիմադիր թեկնածուները, ինչպես նաեւ «չթեկնածուները» շատ լայն հնարավորություններ ունեն իրենց գաղափարներն ու տեսակետները քարոզելու: Համեմատության համար հիշենք, որ 2008-ին Տեր-Պետրոսյանի ելույթները տարածվում էին DVD-ների միջոցով, իսկ հեռուստաընկերությունները հիմնականում զբաղված էին առաջին նախագահին փնովելով:

Իհարկե, ցավալի է, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն իրենց թեկնածուներին չեն առաջադրել, բայց դա աշխարհի վերջը չէ, դա հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը չէ, եւ դա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքական, հասարակական կյանքը պետք է կանգ առնի: Ցանկացած ցավալի իրադարձության մեջ ուզում եմ պոզիտիվ տեսնել: Մասնավորապես, Կոնգրեսի միջավայրից առանձնանում են մարդիկ, որոնք սկսել են հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական գործիչներ, ոչ թե որպես Տեր-Պետրոսյանի կողքը տեխնիկական աշխատանք կատարող ֆունկցիոներներ: Նկատի ունեմ, բնականաբար, նախեւառաջ Հրանտ Բագրատյանին եւ Նիկոլ Փաշինյանին, որոնք, ի դեպ, այս ամիսներին ԱԺ-ում իրենց դրսեւորել են որպես բարեխիղճ պատգամավորներ: Կարեւոր չէ՝ նրանք անձնապես ինձ դուր են գալիս, թե ոչ, էական չէ նաեւ՝ ես նրանց հետ համաձայն եմ, թե ոչ: Կարեւոր է, որ նրանք ոչ թե փորձում են կռահել առաջին նախագահի չարտահայտած մտքերը, այլ փորձում են շարադրել իրենց սեփական գաղափարները: Վստահ եմ, որ մոտ ժամանակներս կակտիվանան նաեւ Վարդան Օսկանյանը եւ ԲՀԿ-ի այլ գործիչներ: Մեկ տարուց ավելի տեւած «գաղտնի» պրոցեսը դառնում է բացահայտ: Դա, անշուշտ, դրական երեւույթ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031