«Սերժ Սարգսյանը պետականության դրոշն է բարձրացրել»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա ընդգծեց, որ ինքը ՀՀԿ-ական չէ. «Արտագաղթը եղել է ՀՀ-ի պետականության առաջին օրվանից եւ դրանից առաջ էլ: Պետք է գնան եւ գան: Բայց միայն նրա համար, որ արտագաղթը դադարեցնելու համար պետք է փոխել իշխանությունը՝ դա ռոմանտիկա է»:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են ընտրություններ լինում, թող Սերժ Սարգսյանը մնա, նա պատասխանեց, որ պետք է անձնակազմը փոխվի, ՀՀԿ-ի վարձկանները, ՀՀԿ-ի զգալի մասը պետք է հեռանա, որովհետեւ նրանք հագեցել են:
Լրագրողները խնդրեցին անուններ: Ի պատասխան՝ Ազատ Արշակյանն ասաց. «Ազգանուննե՞ր եք խնդրում՝ ԱԺ պատգամավորների 95 տոկոսը: Շատ վատ կլինի, որ Սերժ Սարգսյանը չասի, որ փոխում է իր թիմը: ՀՀԿ-ն հիմա դարձել է սուպեր կուսակցություն: Ռոտացիան ՀՀԿ-ում պետք է: Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե փոխի, այլ ազատվի իր թիմից»: Իսկ թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը մնա՝ ըստ Ազատ Արշակյանի, Սերժ Սարգսյանն ունի աշխատանքային մեծ փորձ, կենսագրությունը նաեւ որակավորում է բերել Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Ազատ Արշակյանը ժամանակին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, ինչը հաստատեց նաեւ այսօր՝ ասուլիսում:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ ամեն ինչ անելու են՝ իշխանափոխության համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ