Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է լսվեր «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի (լուսանկարում) դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական ճառերը: Սամսոն Ղազարյանը մեղադրվում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանին փոխառությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը գերազանցող չափով գումարներ տալու մեջ. նա 120 հազար ԱՄՆ դոլար էր տվել եւ ըստ մեղադրանքի կողմի՝ տոկոսների արդյունքում ստացել էր 190.725 ԱՄՆ դոլար:
Սամսոն Ղազարյանը դատարան էր ներկայացել միայնակ: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը դատարանին տեղեկացրեց, որ դատական նիստը սկսելուց մեկ ժամ առաջ փաստաբան, Սամսոն Ղազարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը իրեն հեռախոսով զգուշացրել է, որ գտնվում է նախավիրահատական շրջանում (կատարախտ ախտորոշմամբ) եւ հաջորդ երկուշաբթի նախատեսված է վիրահատություն: Նա դատարանին խնդրել է հետաձգել նիստը ողջամիտ ժամկետով: Սամսոն Ղազարյանն առաջարկեց անգամ, որ տուժող Մեխակ Գաբրիելյանի ներկայացուցիչը առանց հրապարակելու իրեն ներկայացնի պաշտպանական ճառը՝ ժամանակի խնայողության նպատակով, սակայն դատարանը չգնաց այդ քայլին եւ հետաձգեց դատական նիստը: Դատական նիստը նշանակվեց հունվարի 25-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ