Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ով է լինելու երկրորդը

Հունվար 11,2013 11:00

Նախօրեից արդեն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սկսել է հանրությանը նախապատրաստել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ով է լինելու երկրորդը։

Ինչպես տեղեկացրել էինք, ըստ իշխանության սցենարի, 2013-ի նախագահական ընտրություններում պետք է արեւմտյան արժեքներ ներմուծվեն, եւ առաջին անգամ ՀՀ ընտրական պատմության մեջ պարտված թեկնածուն պետք է շնորհավորի հաղթած թեկնածուին։ Իշխանական շրջանակներում նշում են, որ այդ դերը պետք է ստանձնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսինքն, հենց նա պետք է նախագահական ընտրություններից հետո շնորհավորի Սերժ Սարգսյանին։ Եւ ահա, նախօրեին Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց իր թվերը, ըստ որոնց՝ փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում Սերժ Սարգսյանը դեկտեմբերի վերջի դրությամբ ուներ կողմնորոշված ընտրազանգվածի 72 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 20 տոկոս ձայն, մնացած թեկնածուները միասին բավական ցածր։ Ու թեեւ նույն Ադիբեկյանը նշեց, որ երկրորդ տեղի համար պայքարելու են Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածուները ծաղրածուներ են, այդուհանդերձ, նրա գնահատականները Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին բավական դրական էին ու, թերեւս, նախագահական նստավայրում գծած սցենարի վկայությունը։ Ադիբեկյանը հայտարարեց նաեւ, թե իրենց իրականացրած սոցիոլոգիական հարցման ընթացքում հարցին՝ ում եք տեսնում ընդդիմության միասնական թեկնածու, 9 տոկոսը պատասխանել են՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։

Հարցը, թե՝ ՀՀ նախագահի թեկնածուներից ո՞վ կարող է առաջիկա ընտրություններում զբաղեցնել երկրորդ տեղը, բավական լայն քննարկման առարկա է դարձել։ Ոմանք պնդում են, թե այդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանը կզբաղեցնի, մյուսները վստահ են, որ երկրորդ տեղը բաժին կհասնի Հրանտ Բագրատյանին։ Ավելին, վերջին տեսակետի որոշ կրողներ շրջանառության մեջ են դրել լուրեր, թե նախագահական ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ է դառնալու։ Այդ ամենը զուգորդվում են նաեւ օրերս լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն տեղեկություններով, թե ընտրություններից հետո գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկություն է սպասվում, ինչը այս պահին, գոնե, այնքան էլ իրատեսական չի թվում։ Երեկ մենք մի շարք հարցեր ենք ուղղել ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին։

– Պարոն Բագոատյան, շատ է քննարկվում, թե առաջիկա ընտրություններում  ո՞վ  կզբաղեցնի երկրորդ տեղը, դուք ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը այդ

առումով, թե՞  կարծում  եք,  որ կհաղթեք։

– Մենք հիմա տեղերից չենք խոսում։ Ամբողջ շտաբը, մեր բոլոր ուժերը այս պահին նպատակադրված    են    առավելագույն արդյունք,  հաղթանակ   ապահովելու համար։

– Վերլուծաբանների կարծիքով (այդ մասին նաեւ որոշ կոնկրետ

տեղեկություններ կան), իշխանությունների համար խիստ կարեւոր է, որպեսզի երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն ընտրություններից հետո շնորհավորի Սերժ Սարգսյանին, եթե դուք լինեք երկրորդ տեղում, կշնորհավորե՞ք նրան, թե՞ ոչ։

– Այս պահին դեռ որեւէ իրադարձություն տեղի չի ունեցել, եւ մենք «եթե»-ներով չենք  ուզում խոսել։ Ամբողջ թիմը աշխատում է հաղթանակի համար։

– Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկվանից սկսել է հանրությանը նախապատրաստել, որ երկրորդ տեղը զբաղեցնելու է «Ժառանգություն»      կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝   նշելով,  որ   բացի   Սերժ Սարգսյանից ու Րաֆֆի Հովհաննիսյանից, նախագահի մնացած

բոլոր   թեկնածուները   միասին շատ քիչ տոկոսներ են ստանալու, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը եւ ինչ եք կարծում, եթե   Րաֆֆի   Հովհաննիսյանը զբաղեցնի երկրորդ տեղը, նա կշնորհավորի՞ Սերժ Սարգսյանին։

– Մեզ այդպիսի բան հայտնի չէ, իսկ ընդհանրապես հարցումները չենք մեկնաբանում։

– Պարոն Բագրատյան, վերջին օրերին լուրեր են տարածվել այն մասին, թե նախագահական ընտրություններից հետո դուք ՀՀ վարչապետ եք նշանակվելու, կմեկնաբանե՞ք այդ խոսակցությունները։

– Ինձ այդպիսի խոսակցություններ հայտնի չեն։

Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկապես, կշնորհավորի Սերժ Սարգսյանին, եթե երկրորդ տեղը զբաղեցնի, թերեւս կասկածից վեր է. նա արեւմտյան արժեքների հւ մտածողության կրող է, կոմպրոմիսային գործիչ։ Պնդումներ կան, որ այս ընտրություններում նրա հիմնական առաքելությունը հենց դա էլ լինելու է։ Իսկ Բաղրամյան 26-ի ու, մասնավորապես, Սերժ Սարգսյանի համար խիստ կարեւոր է այդ հանգամանքը։ Նրա ղեկավարած կուսակցության առջեւ խնդիր է դրված՝ ազատ, արդար, թափանցիկ ու դեմոկրատական ընտրությունների տպավորություն ապահովել, որոնց ավարտից հետո էլ, ինչպես նշեցինք, պարտված թեկնածուն պետք է ընդունի ընտրությունների արդյունքներն ու շնորհավորի «հաղթած» թեկնածուին։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031