Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուրախանալ գիտե՞նք

Հունվար 11,2013 11:14

Խոսքը չի վերաբերում քեֆ-ուրախությանը, տարբեր առիթներով սարքվող խնջույքներին. մեր պարագայում դրանք սովորաբար ավարտվում են տրամադրության անկմամբ, դեպրեսիայով, առնվազն` հոգեմտավոր դատարկվածությամբ: Այլ` ներքին, մնայուն, անանձնական ուրախությանը, դրական էմոցիաներին, որոնք ճառագայթում են ներսից եւ տարածվում շուրջբոլորը, եւ ցուցանիշ են հոգեկան հավասարակշռության, զվարթության:

Պարզվում է` հայերս տխուր ազգ ենք, բացասական են մեր էմոցիաները: Փաստողը մեզ լավ ծանոթ Gellup-ն է, որ օրերս հարցախույզի միջոցով պարզել է աշխարհի 3 ամենաուրախ եւ 3 ամենատխուր ազգերին: Հայաստանը վերջին 3-ի մեջ է` Իրաքի եւ, չզարմանաք, Սինգապուրի հետ: Սինգապուրի՛, որն աշխարհում ամենակազմակերպված տնտեսություններից մեկն ունի` ՀՆԱ-ի գերազանց ցուցանիշով:

Ուրեմն, ուրախ կամ տխուր էմոցիաները կապ չունեն կենսամակարդակի հետ, եւ այս պարագայում իզուր են «բա սա կյա՞նք է», «բա էս պայմաններում ուրախանա՞լ կլինի», «բա սա երկի՞ր է» փնթփնթոցները: Մանավանդ որ Gellup-ի ընտրած մյուս 3 երկրները ամենեւին էլ աշխարհի ամենահարուստ եւ ամենահանգիստ երկրները չեն, բացառությամբ, թերեւս, Ուրուգվայի: Մյուս 2 երկրներից մեկը լատինամերիկյան Պարագվայն է, մյուսը` Էլ Սալվադորը: Ստրկություն, բռնություն, հեղաշրջումներ ապրած ժողովուրդներ երկուսն էլ, որոնք կիզիչ արեւի տակ, բանանի ու լոբիի պլանտացիաներում չարքաշ աշխատանքով իրենց հացն են վաստակում: Բայց գիտեն երգել, պարել, սիրել, ձուկ բռնել ու ֆուտբոլ խաղալ: Այլ խոսքով` կյանքը վայելել, լավատեսությամբ դիմագրավել դժվարությունները:

Իսկ մե՞նք…

Դուք դիտե՞լ եք, օրինակ, մեր չեյնջերի` տարադրամի փոխանակման կետերի աշխատողների` Բուդդայի արձանի նման դեմքերը` ոչ ժպիտ, ոչ բարեւ-աստծու բարին, ոչ մի էմոցիա: Բանկոմատներն անգամ իրենց գույնով-ձեւերով ավելի արտահայտիչ տեսք ունեն, քան…

Կամ ուսումնասիրե՞լ եք մեր պետական ու քաղաքական գործիչների-քիչ բացառությամբ-դեմքերը: Ժպի՛տն անգամ կիսատ, միշտ մռայլ, ձգված, տանջահար: Կարծես ազգովին պարտք լինենք նրանց:

Կամ նախատոնական այս օրերին ուսումնասիրո՞ւմ եք խանութներում ու շուկաներում տենդագին առեւտրի մեջ գտնվող մեր համաքաղաքացիներին` հարուստին թե չքավորին: Ո՞ւր են կրում այդքան: Ինչո՞ւ են այդքան մտատանջվում, որ տոնական սեղանին, օրինակ, բաստուրմա-սուջուխի համար փողը չի հերիքում: Բոլորս էլ գիտենք` կարճ ուրախությունից հետո միեւնույն էՙ մնալու են ծակ գրպաններ, հոգնածություն ու դեպրեսիա:

Հիմա կռահում եմ առարկությունները մեր պատմաբանների ու ոչ պատմաբանների. բա այսքան տառապալից պատմություն ունեցող մեր ժողովուրդը կարո՞ղ է ուրախ լինել: Այո, ճիշտ է, պատմահայր Խորենացին էլ է շարադրել դժբախտությունները մեր, բայց գրել է նաեւ` «սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, արժանի գրոց յիշատակի»: Իսկ դուք ինչո՞ւ չեք, ուսումնասիրում, բարձրաձայնում այդ արիության գործերը, որոնք արձանագրվել են ոչ միայն պատերազմի դաշտում: Ներխուժումներից, պատերազմներից, ջարդերից ու դավաճանություններից բացի մեր նորահաս սերունդներին սովորեցրեք փառավոր գործերը մեր նախնիների, համաշխարհային քաղաքակրթությանը նրանց բերած նպաստը, դրական լիցքեր տվող մեր հին ու նոր գործերը:

Այսօր էլ, ինչպես ժամանակին Վահան Թեքեյանն է ասել, մեր ժողովուրդը պետք ունի հպարտության: Նրան տա՛նք այդ հպարտությունը առանց ազգային սնապարծության եւ առանց չափազանցությունների: Եվ այն ժամանակ բոլորս կսովորենք նաեւ ուրախանալ. ինքնավստահությամբ, լավատեսությամբ, դրական էմոցիաներով լեցուն:

Մինչ այդ` շնորհավոր Նոր տարի եւ Ս. Ծնունդ:

Հ.Ավետիքյան

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031