Այսօր «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ մոսկվաբնակ հայազգի ինքնուս նկարիչ Արկադի Սեւումյանի կտավների ցուցահանդեսը: Նկարիչը լրագրողներին հայտնեց, որ բոլոր 26 նմուշները ստեղծվել են 2012թ-ի ընթացքում. «Այդ տարի առաջին անգամ ես սկսեցի նկարել յուղաներկով, իսկ մինչ այդ օգտագործում էի մատիտ ու ածուխ: Ինձ համար ներշնչանքի աղբյուր են ճարտարապետությունը եւ մարդկային էմոցիաները: Նկարչությունն ինձ համար ոչ թե հոբբի է, այլ պահանջ»: Սեւումյանը հավելեց, որ «Դալանում» ներկայացված նմուշները մինչ այդ ցուցադրվել են Մոսկվայում. «Ասել են, որ ինքնուս նկարչի պարագայում դրանք շատ հաջող են: Այդ պատճառով որոշեցի իմ նկարներով «կիսվել» նաեւ հայ հանդիսատեսի հետ»:
Սեւումյանի խոսքով. «Նկարչի «կարիերաս» սկսվում է երեկոյան ժամը 20:00-ից հետո: Նկարում եմ, օրինակ, գնացքում կամ կաֆեում` սրճելուց: Նկարում եմ այն, ինչ տեսնում եմ, բայց ինչպես մոսկվացի երկու նկարիչ են ասել` ես ունեմ իմ ոճը: Չգիտեմ, թե ինչպես է այն կոչվում, բայց իմ նկարները ճանաչելի են»:
Կարդացեք նաև
Նկարիչը նաեւ ասաց, որ վերջին 25 տարին ապրել է Իտալիայում եւ Ռուսաստանում. «Հայրենի բնապատկերներ չեմ ստեղծել, բայց կգա մի օր, որ ես կնկարեմ նաեւ իմ Հայաստանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ