«Լիքը ընկերներ ունեմ, որոնք համ բիզնես ոլորտից են, հայտնի մարդիկ: Անուններ չեմ տա, որովհետեւ իրենք ընկերական, տղայավարի ասել են՝ մենք կողքդ ենք, ուզում ես՝ առանց քեզ ասելու տանենք 8 մլն-ը դնենք, բայց քո կողքը կանգնելու չունենք, չենք կարա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց նախագահի թեկնածու առաջադրված կարատեիստ Տարոն Աբրահամյանը: Նա վստահեցնում էր, որ հենց իր կողքին չկանգնած ընկերների պատճառով է, որ գրավը գրպանում ունենալով՝ որոշել է չառաջադրվել: «Ես ասել եմ՝ ինձ քո փողը պետք չի: Ինձ պետք է դնել գումարը ու տեր կանգնել գումարին, տեր կանգնել ընտրարշավին ու տանել մինչեւ վերջ: Ինձ գումարը պետք չի: Ասել եմ՝ էդ գումարը տարեք սոցիալապես անապահով ընտանիքներին բաժանեք: Հետո նախընտրական, հետընտրական խաղերը շատ վտանգավոր էր»,-ասաց Տարոն Աբրահամյանը:
Մենք նրան խնդրեցինք փակագծերը մի քիչ բացել՝ ձեր ընկերները մեր երկրի այն մեծահարուստներից են, որոնք ուզում են թաքուն դուրս գալ Սերժ Սարգսյանի դե՞մ՝ նա պատասխանեց. «Կան խնդիրներ, որ իրենք չեն կարողանում լուծեն: Իրենք չեն կարողանում շատ առաջ գնալ: Այն քայլը, որ կտանի վերջնական կետին, իրենք չեն կարողանում անել»: Ըստ նրա՝ մենաշնորհների դեմ պետք է պայքարել պետական մակարդակով, իսկ «հաթաթա տալով» չես պայքարի. «Մենաշնորհի դեմ այսօր լուրջ պայքարը կբերի հերթական Հոկտեմբերի 27-ը: Մենաշնորհի դեմ դուրս եկար՝ պրոստը կմտնեն՝ կխփեն: Վերջ: Իրենք չեն ներում ոչ մի բան, որովհետեւ բիզնեսը շատ վտանգավոր է: Բիզնեսմենները այսօր Հայաստանում վտանգում են իրենց կյանքը՝ 10 դրամով խփում ես գործին՝ մաքրում են իրենց ճանապարհը, վսյո»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ